Այն ինչ կատարվում է Ղազախստանում, փաստացի՝ քաղաքացիական պատերազմ է, որի մեջ ներգրավված են ռադիկալ տեռորիստական խմբավորումներ: Թուրքիայի «մատն էլ է խառը» այս ամենում, քանզի զինված իսլամիստական խմբավորումները, որոնք գործում են Ղազախստանում, դրանք թուրքական ազդեցության տակ գտնվող խմբավորումներ են:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող խռովություններին:
Հիշեցնենք, որ Ղազախստանում մեծածավալ բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ գազի գների թանկացման:
Ակցիաները ուղեկցվում են անկարգություններով և խռովություններով, բնակիչները գրավում են պետական կառույցներ, ոստիկանական շենքեր: Բողոքի ակցիաները հանգեցրել են Ղազախստանի կառավարության հրաժարականին, իսկ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հրաժարական է տվել Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից:
Ըստ Արման Աբովյանի՝ Ղազախստանում տեղի ունեցող գործողությունները ղեկավարվում են դրսից՝ այդ թվում՝ Թուրքիայի կողմից.
«Ղազախստանը համով պատառ է բոլորի համար, բայց թե՛ արևմտյան, թե՛ ռուսական կողմերը հետաքրրքրված չեն Ղազախստանում քաղաքացիական պատերազմ հրահրելով, քանզի այդ դեպքում վտանգվում են նաև իրենց հետաքրքրությունները, միակ հետաքրքրված կողմը Թուրքիան է, քանի որ Ղազախստանը պանթուրանական պրոյեկտի առանցքային դերակատարներից է, իսկ թուրքերը շատ անգամներ ընդգծել են, որ իրենց ձեռք չի տալիս այն, որ Ղազախստանը երկու ինտեգրացիոն պրոյեկտների մեջ է՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ և զուգահեռ պանթուրանական կառույցներ, սրանք իրար հակասող պրոցեսներ են»,-ասաց Աբովյանը:
Բանախոսի արձանագրմամբ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր ձևավորումներ են տեղի ունենում, Ռուսաստանը և Արևմուտքը փորձում են պահպանել իրենց ազդեցության գոտիները.
«Ղազախստանը շատ ակտիվ դուրս էր գալիս ռուսական ազդեցության գոտուց, և Ռուսաստանը խնդիր ուներ Ղազախստանում պահպանել իր ազդեցությունը: Թե՛ Արևմուտքը թե Ռուսաստանը կանխատեսում էին այսպիսի զարգացումների, երկու կողմերի արձագանքները զուգակցված գնացին: Նկատել եք, որ Արևմուտքը որևէ դատապարտող հայտարարություն չի կատարել ՀԱՊԿ-ի գործողությունների հետ կապված, սա լուրջ ազդանշան է»,-ասաց Արման Աբովյանը:
Ըստ զրուցակցի՝ փորձ է արվում Ղազախստանը կիսել երեք ազդեցության գոտու՝ թուրքական, եվրասիական և չինական. «Չի կարելի Չինաստանին դուրս թողնել այս գործընթացից, քանզի Չինաստանը հանդիսանում է առանցքային գործընկեր, այն գործընթացները իրենց մեջ նաև հակաչինական բնույթ են կրում»,-ասաց Աբովյանը:
Զրուցակցի դիտարկմամբ՝ Ղազախստանում տեղի ունեցող գործընթացները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա.
«Մենք և Ղազաստանը երկու եվրասիական հանձնաժողովի մեջ ենք, կարող է ուղղակի ազդեցություն չունենալ, բայց անուղղակի կերպով հաստատ ունենալու է: Չի խոսվում Ղազախստանում հայ համայնքի մասին, որն կարող է վտանգված լինել: ՀՀ-ի կարևորագույն գործառույթը պետք է լինի հայերի և Հայաստանի անվտանգության պահպանմանը: Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ օրինակէ զորախումբը որն ուղարկվելու է Ղազախստան, զբաղվելու է հայերի անվտանգության ապահովման»,-ասել է նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի՝ Ղազախստան զորք ուղարկելու որոշմանը, Արման Աբովյանն արձագանքեց՝ այսօր Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացված է թուրք-ադրբեջանական ուժրի կողմից, սակայն ՀԱՊԿ-ից արձագանք չկա, իսկ ՀԱՊԿ-ի արձագանքը բխում է Հայաստանի իշխանությունների դիմումից.
«Մինչ օրս չգիտենք էլ՝ Հայաստանն ի վերջո դիմել է ՀԱՊԿ-ին, թե՝ ոչ: Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ նեյտրալ դիրք էր պահպանում՝ ավելի ադրբեջանամետ կեցվածքով, նա անգամ էր շնորհավորել Ալիևին պատերազմում հաղթանակի կապակցությամբ»,-ասաց Արման Աբովյանը:
Աղբյուր` Փաստինֆո







