Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հորդորում ենք հայրենի իշխանություններին` հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները, ապահովել նրա վաստակած ազատությունը․ հայտարարություն

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հանդես է եկել հայտարարությամբ` հայաստանյան իշխանություններին հորդորելով քաղաքական դրդապատճառներով մարդկանց չհետապնդել և չազատագրել։ Հայտարարության մեջ թեմը խոր մտահոգություն է հայտնել, մասնավորապես, Ավետիք Չալաբյանի հետ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։

«Վերջին շաբաթներին խորը մտահոգությամբ և տագնապով էինք հետևում հայրենիքում մեր բազմաթիվ եղբայրների ազատազրկմանը` նրանց քաղաքական հայացքների և գործողությունների հանգամանքով պայմանավորված: Մասնավորաբար, մեզ խորապես անհանգստություն պատճառեց մեր եկեղեցու նվիրյալ զավակ, բարերար և մտավորական  Ավետիք Չալաբյանի ազատազրկումը:

Ավետիքը մեր Եկեղեցու հավատավոր հոտի խոնարհ զավակ է, առաքինի և պարկեշտ անձնավորություն, իր երկրի հայենապաշտ նվիրյալ,  ընտանիքի օրինակելի հայր:

Դժվար է հավատալ, որ նույնիսկ պայքարի բովում նա ընդունակ էր խախտել օրենքը, առավել դժվար է պատկերացնել, որ ազատության մեջ գտնվելով, նա որևէ վտանգ ներկայացնի այն պետության համար, որին նվիրումով ծառայել է ողջ գիտակից կյանքի ընթացքում:

Օրերս գոհունակությամբ իմացանք, որ Ավետիք Չալաբյանը բազմաթիվ ապօրինություններից հետո վերջապես դուրս է եկել ազատություն, թեև դատական գործընթացը շարունակվում է:

Հորդորում ենք  հայրենի իշխանություններին` հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները, ապահովել նրա վաստակած ազատությունը, և դատական գործը շարունակել բացառապես օրենքի ոգու և տառի խստիվ պահպանությամբ։

Աստված պահապան մեր սուրբ հայրենիքին և նրա նվիրյալ զավակներին»։