Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից, Արցախի ԱԺ հայտարարությունը

Արցախի խորհրդարանաի քաղաքական բոլոր ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։

Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը»: