Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ը վերջապես արձագանքել է Ադրբեջանի ՊՆ՝ հերթական զրպարտիչ հայտարարությանը։

Այդ առնչությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է.

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չի արձագանքել Ադրբեջանի ՊՆ այն հայտարարությանը, թե իբր հայկական զինուժն անօդաչուներով հետախուզական թռիչքներ է իրականացրել։