Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայով և «Կեսար» ինքնագնաց հրետանային համակարգերով Հայաստանը զինելու քայլերից հետո, Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը։
Եվրամիության նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ։ Դրանք տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսեւորում են. հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Նշված ռազմական օգնությունը և հետագայում այն ավելացնելու կոչերը կծառայեն Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։
Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի մասը և հիմա էլ չի հրաժարվում մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններից, ինչպես նաև տարածաշրջանում ապակառուցողական գործունեությունից։
Մենք մեր բողոքն ենք հայտնում Եվրամիության խորհրդի այս որոշման դեմ և ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվության տրամադրում այդ օգնության մասին։
Եվրամիությունը պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում զենքի և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն:
Հակառակ դեպքում Եվրամիությունը պատասխանատվություն կկրի Հայաստանի կողմից կայունության խաթարմանն ուղղված ցանկացած հնարավոր սադրանքի համար»,- նշել է մամուլի քարտուղարը։