«Անկախության մասին» Հռչակագիրը Գերագույն խորհրդում 191 պատգամավորի քվեարկությամբ ընդունվել է միաձայն: Դա այն եզակի փաստաթուղթն է, որի յուրաքանչյուր կետ քվեարկության է դրվել է առանձին: Մինչև 1995թ. Սահմանադրության ընդունում, Երկրի իշխանության մարմինները ղեկավարվել են այդ փաստաթղթով, այնուհետև դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները ներառվել են Սահմանադրության նախաբանում, որին կողմ է քվեարկել ընտրողների 68,4 տոկոսը կամ 895 հազար մարդ:
Հետագայում Սահմանադրությունում էական փոփոխություններ են կատարվել, և բոլոր դեպքերում նախագծերը ներկայացվել են միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցների, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Չի եղել գեթ մեկ փորձագիտական կառույց, որն անգամ հպանցիկ կասկած հայտներ, թե Նախաբանում առկա դրույթներն իբր աղերս ունեն տարածքային հավակնությունների հետ:
Վերջապես, Հռչակագիրն ընդամենը ամրագրում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պարտավորությունը, ինչը ՄԱԿ-ին անդամակցելու նախապայման է, ավելին՝ այն ամրագրված է ներկայումս հատվածական մեկնաբանության առարկա դարձած Ալմա Աթայի հռչակագրով. «…. ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ … հիման վրա»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու դրույթին, ապա էթնիկ շարժառիթով կազմակերպված զանգվածային բնաջնջումների փաստերը առաջինը ճանաչվել են թուրքական դատական ատյանների 1919-20թթ. մեղադրական դատավճիռներով …
Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր









