Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Այսօր կալանավորված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը, տնային կալանքում է Սավել Կարապետյանը, քրգործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը։
Մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերի ղեկավարները ենթարկվել են քաղաքական հետապնդման։ Էլ չեմ խոսում Արմեն Աշոտյանի մասին, որը տարբեր քրգործերով է անցնում և այժմ էլ գտնվում է ՔԿՀ-ում»,- ասաց բանախոսը։
Ըստ Վարդանյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվածը ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, նաև անձնական վրեժխնդրություն է երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից։
«Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար, պատիժ, որ իրականացվում է իրավապահների կողմից՝ մեկ անձի հրահանգով, քանի որ նախընտրական փուլում նա հայտարարել էր՝ ունեզրկելու է, դատելու է, նստացնելու է»,- ասաց Վարդանյանը։
Պատգամավորը շեշտեց՝ այս իշխանությունները ոչ միայն քաղաքական հետապնդման են ենթարկում անձանց, այլ նաև պատրաստ են իրենց նպատակներն իրականացնելու համար պարզապես օրվա հացից կտրել սովորական քաղաքացիներին։
«Տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորոմանը զուգահեռ բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքը սահմանափակվել է, այսինքն՝ այս իշխանությունները պատրաստ են խախտել ցանկացած իրավունք՝ սկսած մարդու կյանքի ազատության իրավունքից, վերջացրած աշխատանքի իրավունքից»,- ասաց Վարդանյանը։








