Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանում, ըստ ամենայնի, ազգային-պետական ​​նախագծի վերագործարկում է ընթանում. Մարկեդոնով

Հայաստանի իշխանությունները ազդարարել են սահմանադրական բարեփոխումների մասին: Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ 2027 թվականին նախատեսվում է Հիմնական օրենքը փոփոխելու հանրաքվե։ Ըստ նրա՝ ստուգված փաստաթուղթ ընդունելու համար ժամանակ է պահանջվում, որը կպատրաստեն բարձր մակարդակի մասնագետները, ինչպես նաև հասարակական ակտիվիստները։

Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հայաստանում սահմանադրական փոփոխությունները հարուստ պատմություն ունեն: Հանրապետության հիմնական օրենքը ընդունվել է 1995 թվականին, այն դարձել է հետխորհրդային հայկական պետության առաջին Սահմանադրությունը։ 10 տարի անց դրանում փոփոխություններ կատարվեցին՝ ուղղված լիազորությունների վերաբաշխմանը։ Նախագահի իրավասությունները հավասարակշռվեցին՝ կառավարության և խորհրդարանի գործառույթները ընդլայնման միջոցով։ Ի դեպ, բարեփոխումների նախագիծն ընդունվեց միայն երկրորդ անգամ. 2003 թվականին սահմանադրական փոփոխությունների օգտին բավարար թվով ձայներ չէին հավաքվել:

Սահմանադրական նոր բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2013 թվականին և առնչվում է հանրապետության կիսանախագահական-կիսախորհրդարանականից խորհրդարանականի վերածելուն։ Հանրապետության այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանը ծրագրել էր այս կերպ ապահովել իր իշխանության երկարաձգումը։ Հետաքրքիրն այն է, որ նրա ծրագրերն ավարտվեցին անհաջողությամբ, և արդյունքում իշխանության եկավ Սարգսյանի գլխավոր ընդդիմախոս Նիկոլ Փաշինյանը։ Եվ նա երկրի նախկին ղեկավարի սահմանադրական փոփոխությունների շահառուն դարձավ։

Փաշինյանն ինքն է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ արդեն 2019-2020 թվականներին: Եվ նույնիսկ դա «թավշյա հեղափոխության» նոր փուլ անվանեց։ Դե ֆակտո վարչապետը ձգտում էր վերահսկողության տակ դնել Սահմանադրական դատարանը, ինչը, ի վերջո, հաջողացրեց։

Սակայն ներկայում քննարկվող նախագիծը ոչ միայն և ոչ այնքան իշխանության թևերի միջև լիազորությունների վերաբաշխման կամ դատական ​​իշխանության անցանկալի ներկայացուցիչների չեզոքացման խնդիրներին է վերաբերում։ Հիմնական օրենքի բարեփոխման հանձնաժողովում քննարկումներ ծավալվեցին. Սահմանադրությունն ուղղակի խմբագրե՞լ, թե՞ նոր փաստաթուղթ ընդունել։

Ընտրությունը կարծես թե կատարվել է երկրորդ տարբերակի օգտին։ Այսօր Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները ժլատ են բովանդակային հարցերի վերաբերյալ իրենց մեկնաբանություններում։ Բայց դժվար է ձերբազատվել այն զգացումից, որ, խոսքն, ավելի շուտ, ազգային-պետական ​​նախագծի վերագործարկման մասին է։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր նախապայմաններ են առաջադրում։

Խոսքը վերաբերում է և՛ Սահմանադրության առաջին հոդվածների փոփոխությանը, և՛ 1990 թվականի օգոստոսի 23-ի Հիմնական օրենքից Անկախության Հռչակագրի հանումը, որով հայկական պետությունը որպես նախկին Հայկական ԽՍՀ-ի և Ղարաբաղի Ինքնավար մարզի համատեղ կամարտահայտության արգասիք է սահմանվում։ Հայտնի քաղաքական գործչի լեզվով ասած՝ գործընթացը սկսվել է: Թե ինչ տեմպերով այն կընթանա, մոտ ժամանակներս կիմանանք»,- գրել է փորձագետը։