Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
-Պարո՛ն Քանանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ այս փուլում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Նա նշել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ շրջանակում մինչև այն պահը, երբ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունները։
-Նիկոլ Փաշինյանն անհետևողական, անգաղափար, պատեհապաշտ անձնավորություն է։ Նա որևէ կայուն գաղափար, սկզբունք կամ արժեքներ չունեցող գործիչ է, ինչն իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում ապացուցել է բազմաթիվ անգամներ։
Իհարկե, ոմանք կարող են մակերեսային կերպով մեկնաբանել Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը՝ որպես ՌԴ-ի և ԵՄ-ի միջև հերթական անգամ խուսանավելու փորձ, սակայն ես պնդում եմ, որ մենք գործ ունենք ավելի խորքային իրողության հետ. քանի որ Ուկրաինայում տարիներ տևող և Ռուսաստանի համար անհաջող կերպով ընթացող պատերազմի պատճառով ՌԴ-ն մեծապես թուլացել է, այս ամենի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի է ունեցել հերթական գործարք՝ Հայաստանը ՌԴ-ի աշխարհաքաղաքական վերահսկողության հաշվեկշռից փոխանցելու Թուրքիայի հաշվեկշիռ։
Նիկոլ Փաշինյանը, որը, վարչապետ դառնալու պահից ի վեր, ՌԴ-ի լիակատար կամակատարն էր, շարունակում է սպասարկել ռուսական քաղաքականությունը, սակայն քանի որ Արցախից հետո արդեն Հայաստանն էլ է հիմնական մասով փոխանցվում թուրքական ռազմաքաղաքական վերահսկողության ներքո, Փաշինյանն ստիպված սպասարկում է Հայաստանը ռուսականից թուրքական հաշվեկշիռ փոխանցելու գործընթացը։ Այս գործընթացը միամիտ մարդկանց համար ներկայացվում է որպես եվրոպամետություն։
Ֆրանսիան, որը ժամանակին խոսում էր Հայաստանում 2,5 միլիարդ եվրոյի ներդրումների մասին, վերջին շրջանում ակնհայտորեն հետ է քաշվել։ Եվրոպացիներն ունեն իրենց շահը՝ արտաքնապես հավատ ընծայելու Փաշինյանի եվրոպամետ ձգտումներին, բայց իրականում մենք տեսնում ենք, որ ՌԴ-ի մշտական կամակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերահսկողության լծակները փոխանցում է Թուրքիային և Ադրբեջանին։
-Պարո՛ն Քանանյան, վերջին օրերին Ռուսաստանն արգելել է հայկական արտադրության գյուղմթերքի, ձկան և ալկոհոլային խմիչքների խմբաքանակների մուտքն իր տարածք։ Նախընտրական շրջանում ինչպե՞ս եք գնահատում այս գործելաոճը։
-Այո՛, մենք դա նկատում ենք։ ԵԱՏՄ շուկան հետզհետե պետք է փակվի, որովհետև եթե Հայաստանը պետք է վերահսկվի Թուրքիայի կողմից, ապա հայաստանյան տնտեսությունը ևս պետք է դառնա Թուրքիայի կցորդ։ Ուշադիր աչքը կնկատի վերջին օրերին հայկական ապրանքների մուտքի արգելքը Ռուսաստան։ Սա շատ ակնհայտ է։ Իհարկե, ես չեմ ասում, որ Ռուսաստանը մեծ ուրախությամբ է հանձնում Հայաստանը Թուրքիային, բայց այս պատմական փուլում հաշվի առնելով իր մեծագույն խնդիրները՝ սա այն գինն է, որ ՌԴ-ն շարունակում է վճարել Թուրքիայի բարյացկամ չեզոքության դիմաց։
Ամենամեծ զավեշտն այն է, որ ռուսական քայլերը միտված են ոչ թե աջակցելու պայմանական ռուսական ընդդիմությանը, այլ միտված են ամրապնդելու Փաշինյանի դիրքերը, և Սամվել Կարապետյանի շրջապատը վաղ թե ուշ կգիտակցի, որ նրա համար Ռուսաստանը մշակել է այն նույն ճակատագիրը, որին արժանացել է Ռուբեն Վարդանյանը Բաքվում։
-Պարո՛ն Քանանյան, արդյոք Հայաստանի «փոխանցման» գործընթացի ավարտը պայմանավորում եք ընտրություններում գործող իշխանությունների հնարավոր վերարտադրմամբ։
-Ո՛չ։ ՌԴ-ի և անգամ Իրանի համար Հայաստանը կարող է գոյություն ունենալ որպես կախյալ պետություն, իսկ Թուրքիայի պարագայում հայկական պետականության և հայության ֆիզիկական գոյությունն իսկ անհանդուրժելի են։ Թուրքիան չի ցանկանում անձամբ ստանձնել արդեն իսկ ջախջախված Հայաստանի լուծարման պատասխանատվությունը։ Դա հրահանգավորված է Ադրբեջանին, դրա համար էլ Էրդողանի հրահանգները Փաշինյանին ներկայացվելու են անմիջական հրահանգիչ Ալիևի կողմից։
Խնդիրը շատ պարզ է դրված. հայկական պետականության լուծարում՝ ընդ որում ոչ թե հեռավոր ապագայում, այլ մոտակա երկու տասնամյակում։ Ես առավել քան համոզված եմ, որ Ալիևը ներքին վճռականություն ունի իր կենդանության օրոք ավարտելու Հայաստանի և հայկական հարցի գոյությունը։ Իհարկե, իրենք ՌԴ-ի հետ միասին ամեն գնով նպաստելու են Փաշինյանի վերարտադրությանը։
– Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում երբեք այլ գազ չի լինի՝ բացի ռուսականից։ Նա նշել է՝ միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ռուսական գազ ստանալու և որ միջնորդին է օգտագործելու։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Նա խոսում է կա՛մ իրեն պատվիրակված բովանդակության շրջանակում, կա՛մ պարզապես խոսում է։ Էական չէ՝ մենք ռուսական գազն ենք օգտագործելու, թե ոչ։ Ավելի էական է, թե ում միջոցով ենք այն ստանալու։ Արդեն ասացի, որ Թուրքիայի հաշվեկշռին փոխանցվելը Հայաստանի համար նշանակում է, որ հայաստանյան տնտեսությունը պետք է լիարժեք կախվածության մեջ հայտնվի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսություններից։ Մենք կարող ենք ռուսական գազն ստանալ և՛ Ադրբեջանի տարածքով, և՛ ադրբեջանական գազն ստանալ Ադրբեջանի տարածքով. էական չէ։ Եթե ռուսական գազը մտնի Ադրբեջանը, այնուհետ՝ Հայաստան, դա արդեն կնշանակի, որ մենք անջատվել ենք ռուսական գազից, որովհետև ավելի կարևոր է, թե որ երկրով և ումից ես անմիջապես գնում։
Իհարկե, եթե մենք երկրում ունենայինք ազգային և պետական իշխանություն, կարող էինք նման սպառնալինքերի դիմաց սպառնալ տեղում ազգայնացնել «Գազպրոմ»-ը։ Ռուսական տնտեսական սպառնալքիներին հակազդելը միանգամայն հնարավոր է՝ մեր ազգաբնակչության համար նվազագույն կորուստներով։








