Կան պաշտոնյաներ, ովքեր երկար տարիների պետական ծառայությունից և բարձր կոչումներից հետո մարդկանց հիշողության մեջ մնում են ոչ թե իրենց զբաղեցրած դիրքով ու կոչումներով, այլ այն ջերմ ու լուսավոր հետագծով, որով կարողացել են նվաճել մարդկանց սրտերը։
Այդպիսի մարդկանցից է մեր պատմության հերոսը՝ Մոսկվայի կառավարության նախկին նախարար, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի երկարամյա ղեկավար, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության սոցիալական պաշտպանության վաստակավոր աշխատող, Մոսկվայի վետերանների սոցիալական վերականգնողական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Արշակի Պետրոսյանը։
Նրա կենսագրության մեջ թեև հիշատակվում են բարձր պաշտոններ, մեծ պատասխանատվություն, պետական և հասարակական երկար ճանապարհ, սակայն առաջին իսկ հանդիպումից առավել տպավորվում է ոչ թե պաշտոնյան, այլ մարդկային պարզությունն ու անմիջականությունը, հիշողությունների նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը և մարդկանց խնդիրները հասկանալու կարողությունը։
Մայիսի 18-ին Մոսկվայի կառավարության Ազգությունների տանը կազմակերպվել էր առանձնահատուկ ջերմությամբ ու մարդկային անմիջականությամբ լեցուն մի հանդիպում այս անչափ հետաքրքիր մարդու հետ։ Միջոցառման կազմակերպիչը «Արարատ» հայկական մշակութային և կրթական ընկերությունն էր, իսկ դահլիճում հավաքվել էին Մոսկվայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր եկել էին ոչ միայն լսելու պետական ու հասարակական հայտնի գործչին, այլև շփվելու մի մարդու հետ, որի յուրաքանչյուր խոսքում զգացվում էին անցած ճանապարհի փորձը, կյանքի իմաստնությունը և մարդկային ջերմությունը։
Այդ հանդիպումը աննկատ վերածվեց հիշողությունների, կարոտի, անցած ճանապարհի, հայրենիքի զգացողության և կյանքի մասին անկեղծ զրույցի։
Երբ Վլադիմիր Պետրոսյանը խոսում էր Բաքվի փողոցների, իր մանկության քաղաքի քարերի, ծառերի ու այնտեղ մնացած հիշողությունների մասին, ակամայից հասկանում էիր, որ հայրենիքը միայն քարտեզի վրա նշված տարածք չէ։ Երբեմն հայրենիքը մարդու հիշողության մեջ պահպանված բակի հոտն է, մանկության ձայներն են, հոր քայլերի արձագանքն է, այն պատուհանը, որ այլևս չկա, բայց շարունակում է ապրել մարդու ներսում։
Եվ գուցե հենց այդ պատճառով էլ նրա խոսքը դահլիճում այդքան սրտամոտ էր բոլորին։ Նա չէր խոսում որպես նախկին նախարար կամ մեծ պաշտոնյա։ Նա խոսում էր որպես մարդ, ով կյանքի ընթացքում հասցրել է հասկանալ ամենակարևոր ճշմարտություններից մեկը՝ աշխարհի ամենաբարձր պաշտոններն անգամ երբեք չեն կարող փոխարինել մարդկային ջերմությանը։
Միջոցառման ընթացքում հաճախ էր զգացվում, որ պաշտոնական կենսագրության հետևում կանգնած է զգայուն, հիշողություններով ապրող, մարդկանց ցավը հասկանալու ունակություն ունեցող մի մարդ, ով տարիների ընթացքում չի կորցրել ամենակարևորը՝ մարդկային դիմագիծը։
Հանդիպման սկզբում Վլադիմիր Պետրոսյանը պատմեց իր մանկության, կրթության, Բաքվում անցկացրած տարիների, խորհրդային բանակում ծառայության և հետագա աշխատանքային ուղու մասին։ Նա հիշեց, թե ինչպես բավական երիտասարդ տարիքում դարձավ Բաքվի ամենաերիտասարդ դպրոցի տնօրեններից մեկը, իսկ հետագայում, տեղափոխվեց նախ Հայաստան, որից հետո Ռուսաստան՝ Մոսկվա, կառավարություն։ Սոցիոլոգիայի դոկտոր, Ռուսաստանի Դաշնության սոցիալական պաշտպանության վաստակավոր աշխատող, Մոսկվայի կառավարությունում աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար, այժմ՝ Մոսկվայի վետերանների սոցիալական վերականգնողական կենտրոնի տնօրեն։ Ծանր ու պատասխանատու ճանապարհ, որ անցնում է ոչ թե գրասեղանի շուրջ, այլ մարդկանց կողքին։
Նրա խոսքում առանձնահատուկ տեղ ուներ Մոսկվայի սոցիալական քաղաքականության թեման։ Պետրոսյանը նշեց, որ այսօր մայրաքաղաքում գործող սոցիալական աջակցության ծրագրերից օգտվում են շուրջ յոթ միլիոն մոսկվացիներ։ Սակայն թվերից ու պաշտոնական հաշվետվություններից շատ ավելի հետաքրքիր էին նրա հիշողություններն ու պատմությունները։
Հանդիպման մասնակիցները հետաքրքրությամբ հարցեր էին ուղղում նրան՝ կապված Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի և ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ աշխատելու տարիների մասին։ Վլադիմիր Պետրոսյանը անկեղծ երախտագիտությամբ հիշեց Յուրի Լուժկովին և Լյուդմիլա Շվեցովային՝ նշելով, որ հենց նրանց վստահության շնորհիվ է ինքը նշանակվել այդ պատասխանատու պաշտոնում։
Յուրի Լուժկովը, ով 18 տարի ղեկավարել է Մոսկվան, իմաստուն ու հետաքրքիր մարդ էր։ Լուժկովի սոցիալական քաղաքականությունը ուժեղ էր։ Բայց ճշմարտությունն այն է, որ Լուժկովն իր պաշտոնավարման ընթացքում երբեք աշխատանքային այց չի կատարել որևէ սոցիալական հաստատություն։ Վետերանների տուն նա այցելել է ընդամենը մեկ անգամ՝ «Իմ բակը, իմ մուտքը» ծրագրի շրջանակում։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ սոցիալական քաղաքականության իրական վերելքը և ժամանակակից մոտեցումների ձևավորումը սկսվել են հատկապես Սոբյանինի օրոք։ Պետրոսյանն ու Սոբյանինը միասին աշխատել են գրեթե 10 տարի, և այդ տարիների ընթացքում Սոբյանինն անձամբ այցելել է Մոսկվայի գրեթե բոլոր խնամքի տները, հաշմանդամների տները, հոգեբուժական գիշերօթիկ դպրոցների մեծ մասը, գրեթե բոլոր որբանոցներն ու մանկատները։ Բայց ամենաուշագրավը թերևս այն էր, որ Պետրոսյանը փորձեց ներկաներին ցույց տալ Սոբյանինի մեկ այլ կերպար, որը սովորաբար չի երևում պաշտոնական հաղորդագրություններում։
«Սոբյանինը կոշտ մարդ չէ, այլ սովորական մարդ՝ զգայուն սրտով»,– ասաց Պետրոսյանը։ Հատկապես հուզիչ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մի վետերանի մասին պատմությունը, որը երկար տարիներ անկողնային վիճակում էր եղել և խնդրել էր քաղաքապետին գոնե լուսանկարներով ցույց տալ իրեն ժամանակակից Մոսկվան, քանի որ այլևս չէր կարող դուրս գալ տնից և անչափ կարոտել էր իր քաղաքը։ Պետրոսյանի խոսքով՝ Սոբյանինն անձամբ հանձնարարել էր պատրաստել ժամանակակից Մոսկվայի գեղեցիկ լուսանկարչական ալբոմ և ինքն էր այն տարել վետերանին։ Այդ պատմությունը դահլիճում շատերի աչքերում արցունքներ առաջացրեց։
Վլադիմիր Պետրոսյանը խոսեց նաև մեծ ընտանիքների, հաշմանդամ երեխաների, անվասայլակ օգտագործող քաղաքացիների խնդիրների մասին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման հանդիպումից հետո ընդունվել են կոնկրետ որոշումներ, որոնք իրականում փոխել են մարդկանց կյանքը։ Նրա խոսքից պարզ էր դառնում, որ սոցիալական քաղաքականությունը միայն վարչական աշխատանք չէ, այլ առաջին հերթին մարդու ճակատագրի նկատմամբ պատասխանատվություն։
Երեկոյի ընթացքում քննարկվեցին նաև հայ-ռուսական հարաբերությունների, երկու ժողովուրդների բարեկամության և սփյուռքի դերի հետ կապված հարցեր։ Հնչեցին մտքեր այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված կապերը պետք է պահպանվեն և ամրապնդվեն՝ անկախ քաղաքական ժամանակավոր դժվարություններից։
Պետրոսյանը ազնիվ մտահոգությամբ կոչ արվեց հայկական սփյուռքին ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի ղեկավարության քաղաքականությունն ուղղված լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, այլ ոչ թե դրանց խզմանը։ Երկու ժողովուրդների դարավոր կապը թանկ բան է, ու անփութությամբ չի կարելի վերաբերվել դրան։
Հանդիպման հիշարժան հատվածներից մեկը եղավ այն պահը, երբ Վլադիմիր Պետրոսյանին հարցրին, թե իր համար ինչ են նշանակում Հայաստանը և Ռուսաստանը։ Դահլիճը մի պահ լռեց։ Նա պատասխանեց շատ անձնական և անկեղծ խոստովանությամբ։
— Ես ունեմ երեք հայրենիք,— ասաց նա,— և ամեն մեկն ինձ համար յուրովի մի աշխարհ է։
Պետրոսյանը պատմեց, որ ծնվել և մեծացել է Բաքվում, որտեղ ապրել է շուրջ երեսուն տարի։ Այնտեղ են ծնվել իր ծնողները, երեխաները, այնտեղ են մնացել իր կյանքի հիշողությունները, իր նախնիների շիրիմները։ Նա ասաց, որ նույնիսկ տասնամյակներ անց Բաքուն իր համար շարունակում է մնալ հայրենի քաղաք, որի յուրաքանչյուր փողոցն ու ծառը կապված են իր կյանքի հետ։
«Ոչ ոք չի կարող ինձանից խլել իմ Բաքուն»,– ասաց նա՝ ընդգծելով, որ հիշողությունն ու մարդկային կապը վեր են քաղաքականությունից և ժամանակից։
Հայաստանի մասին խոսելիս նրա ձայնը դարձավ առանձնահատուկ ջերմ։
Նա Հայաստանը անվանեց իր պատմական հայրենիքը՝ մաղթելով խաղաղություն, զարգացում, արժանապատիվ ապագա և համերաշխություն ամբողջ հայ ժողովրդին։ Իսկ Ռուսաստանի մասին ասաց, որ այն այսօր իր տունն է, իր երեխաների և թոռների հայրենիքը։
Երեկոն եզրափակվեց երաժշտական հատվածով։ Վլադիմիր Պետրոսյանը, ում շատերը վաղուց ճանաչում են նաև որպես «երգող նախարար», երգեց, պարեց հյուրերի հետ՝ ստեղծելով ոչ թե պաշտոնական միջոցառման, այլ մեծ ընտանիքի հավաքի մթնոլորտ։
Ի դեպ, Վլադիմիր Պետրոսյանը ոչ միայն հետաքրքիր զրուցակից ու փորձառու պետական գործիչ է, այլև մարդ, որի կյանքում երաժշտությունն առանձնահատուկ տեղ ունի։ Նա մի առիթով խոստովանել էր, որ երգը մանկուց է դարձել իր կյանքի ուղեկիցը։
«Ռուսական մշակույթը միշտ էլ շատ մոտ է եղել ինձ։ Մայրս մաքուր հայկական արմատներով կին էր՝ ծնունդով Իջևանից։ Նա գիտեր գրեթե բոլոր ռուսական ժողովրդական երգերը, և հենց նրա շնորհիվ եմ մեծացել այդ մշակութային միջավայրում։ Այդտեղից էլ ծնվեց իմ սերը ռուսական երգի հանդեպ, որն ինձ ուղեկցում է մինչ օրս»,– պատմել էր նա։
Միևնույն ժամանակ Պետրոսյանը երբեք չի թաքցրել նաև իր սերը տարբեր ժողովուրդների մշակույթի հանդեպ։
«Հետագայում անցա ժողովրդական երգերին։ Սիրում եմ նաև ադրբեջանական ժողովրդական երաժշտությունը և այն երգում եմ առանց որևէ կաշկանդման։ Արվեստը ազգություն չի ճանաչում․ յուրաքանչյուր մշակույթի ճանաչումը մարդուն հարստացնում է, ոչ թե աղքատացնում»,– ասել էր նա՝ հավելելով, որ այսօր էլ երգում է ռուսական, հայկական և ադրբեջանական երգեր։
Նրա խոսքով՝ երգը իր համար պարզապես նախասիրություն չէ, այլ ներքին խաղաղություն գտնելու յուրահատուկ միջոց։
«Երբեմն ծանր օրերին փակվում եմ մեր տան բակում՝ «Պետրոսյանների հյուրատան» անկյունում, միացնում կարաոկեն և մեկուկես-երկու ժամ երգում։ Երգը իմ հակասթրեսային դեղամիջոցն է»,– անկեղծորեն խոստովանել էր նա։
Թեև պրոֆեսիոնալ երգիչ դառնալու ցանկություն երբեք չի ունեցել, այնուամենայնիվ երաժշտությունը մշտապես ուղեկցել է նրան։ Հայտնի կոմպոզիտոր, մեր հայրենակից Արսեն Կասիմովը հատուկ նրա համար հեղինակել է տասներկու երգ, որոնցից ութն այսօր արդեն հասանելի են «AST» գլոբալ կարաոկե հարթակներում՝ «Վ. Պետրոսյան» անունով։
Եվ գուցե հենց այդտեղ էլ թաքնված է Վլադիմիր Պետրոսյանի նկատմամբ մարդկանց համակրանքի գաղտնիքը․ պետական բարձր պաշտոնների, կոչումների ու երկար ճանապարհի հետևում պահպանվել է մի մարդ, ով տարիների ընթացքում չի կորցրել ո՛չ հուզվելու, ո՛չ կարոտելու, ո՛չ էլ երգելու կարողությունը։
Հանդիպումն ավարտվեց այնպես, ինչպես կարող է ավարտվել միայն հայկական հավաքը՝ երաժշտությամբ և երգ ու պարով։
Մոսկվայի Ազգությունների տան դահլիճը լցվեց ջերմությամբ ու ուրախությամբ։
Եվ թերևս հենց այդ ջերմությունն էր, որ այդ երեկոյի գլխավոր արժեքը դարձավ։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից







