Պատմաբաններն այսպես են անվանել 1922 թվականին Հունաստանի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ հարուցված դատը և մահապատիժը։
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը՝ անդրադարձ պատմական նշանակալի իրադարձություներից մեկին։ Ի դեպ, Azg.am-ը պարբերաբար կներկայացնի հոդվածագրի՝ մարդկության պատմության էջերում ամոթի խարան թողած անձանց վերաբերյալ նոր հրապարակումները։
Դատարանը քննում էր վեց բարձրագույն պաշտոնյաների մեղքով թուրքերից կրած պարտությունը, որի պատճառով հարյուր հազարավոր հույներ զրկվեցին Փոքր Ասիայի իրենց պատմական հայրենիքից։
Փոքրասիական ողբերգության հիմնական պատասխանատուները մեղադրվեցին հետևյալ հանցագործությունների մեջ՝
- Բանակի հրամանատարական կազմից իրենց ընդդիմադիր, բայց փորձառու զինվորականներին հեռացնելու գործողություն։
- Անկարայի վրա հարձակման տապալում, որը հետևանքն էր բրիտանացիների հետ ստվերային պայմանավորվածությունների։
- Իզմիրի պաշտպանության տապալում, որի հետևանքով քեմալականների զորքերն անարգել գրավեցին քաղաքը, որը Սևրի պայմանագրով տրվել էր Հունաստանին։
- Բնակչության էվակուացիայի կազմակերպման քաոս, որի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին թուրք դահիճների ձեռքով։
Հատկանշական է, որ 1920 թվականին իշխանության եկած «ժողովրդական» կուսակցությունը հանդես էր գալիս «Վերադարձնենք մեր տղաներին պատերազմից» լոզունգով, և դրա օգտին քվեարկեցին երկրի մահմեդական քաղաքացիները։
Իշխանափոխության օրերին այդ կուսակցությունը «Օվերհոֆֆ» բանտից ազատ արձակված Անաստասիոս Պապուլասին նշանակեց Փոքր Ասիայում հունական զորքերի գլխավոր հրամանատար։
Այդ զինվորական ապաշնորհին շուտով փոխարինեցին Խաձիենատակիս անունը կրող մեկով, որը բանակի ամենաատելի գեներալն էր։
1922 թ. սեպտեմբերին՝ Իզմիրի անկումից հետո, հունական բանակն իրականացնում է զինվորական հեղաշրջում և տապալում ապիկար կառավարությանը։
Կառավարության բոլոր անդամները ձերբակալվում են և մեղադրվում հայրենիքի դավաճանության մեջ։
Մեկ ամիս տևած դատաքննությունից հետո մահվան են դատապարտվում հետևյալ պաշտոնյաները՝
- Գեորգիոս Խաձիանեստիս՝ բանակի հրամանատար
- Պետրոս Պրոտոպապադակիս՝ վարչապետ
- Դիմիտրիոս Գունարիս՝ արդարադատության նախարար
- Գեորգիոս Բալտադզիս՝ ԱԳՆ նախարար
- Նիկոլաոս Ստրատոս՝ ՆԳ նախարար
- Նիկոլաոս Թեոտոկիս
Իհարկե, այս վեցի մահապատիժը ետ չբերեց կորուսյալ հողերը և սպանված հույներին, բայց այն մնաց պատմության մեջ՝ որպես երկիրը թշնամուն հանձնողների անփառունակ վախճանի օրինակելի դաս։