Հանրային կյանքում վերջին ամիսներին առաջ է եկել մի նոր ֆենոմեն։
Azg.am-ը հրապարակում է «Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը։
Սարդարապատ. ի՞նչ նշանակություն է ունեցել Հերոսամարտը մեզ համար, ինչպե՞ս է փոխել պատմության ընթացքը, ինչո՞ւ է հաղթանակով պսակված ճակատամարտի նկատմամբ հիմա հանկարծ հանրային խուսափողական կարծիք ձևավորվել։
Հրայր Կամենդատյանը գրում է.
Պարտվողական, զիջողական տրամադրություններով խաղաղություն մուրողները հիմա էլ փորձում են արժեզրկել Սարդարապատի հերոսամարտը՝ նոր Սարդարապատով վախեցնելով խեղճի ու տկարի հոգեբությանը վարժված հանրությանը։
Ընդ որում, դրանց բերանից արտաթորված խոսույթը հանգում է մեկ հանգրվանի՝ նոր Սարդարապա՞տ եք ուզում, կամ նոր զոհեր ու տառապա՞նք եք ուզում։
Պատմության անցքերին, դեպքերին սակավ ծանոթ մարդուն կարող է թվալ, որ Սարդարապատը ոչ թէ հաղթանակի, այլ պարտության և մեծաթիվ զոհերի խորհրդանիշ է։
Մոլորվածներին, պարտվողի հոգեբանությունը սկզբունք դարձրածներին, ազգային ինքնապաշտպանական բնազդը բթացրածներին ու իշխանությունների ջրաղացին ջուր լցնողներին առարկելու, նրանց հակադարձելու համար որոշեցի ներկայացնել փաստեր՝ Սարդարապատի հերոսամարտի վերաբերյալ։
1.Ճակատամարտը տեղի ունեցավ թուրքական բանակի և քրդական աշխարհազորի՝ Արարատյան դաշտի վրա հարձակումը կասեցնելու համար։
Հարձակվող կողմը որոշել էր գրավել Երեւանը, ի չիք դարձնել անկախ պետություն դառնալու հայկական գավառների կամքը եև սրի քաշել Էջմիածնում և Երեւանում ապաստանած մոտ 100 հազար հայ գաղթականների։
2.Ակտիվ ռազմական գործողությունները շարունակվեցին 1918 թ. մայիսի 21-28, որոնց ընթացքում հայկական կանոնավոր բանակը, եզդի հեծելազորը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ, և ռուսական կադրային սպաները տարան փառավոր հաղթանակ։
Մուշից, Վանից, Երզնկայից անընդհատ նահանջող հայ զինվորականությունը շտաբային ճշգրիտ պլանավորման, դաշտային հրամանատարների կարգապահության, զինվորների անձնազոհության արդյունքում ռազմավարական հաղթանակ տարավ։
3. Թուրքական կողմը մոտ 3500 մարդու կորուստ ունեցավ։ Հայկական կողմից գրանցվեց մոտ 700 զոհ։
Տարիներ անց թուրքական հրամանատարը գրեց, որ հայերը ջախջախիչ հաղթանակ տարան։
4.Առանձնապես ցանկանում եմ հիշատակել, որ հայկական զորքի հետ թուրք ելուզակների և քուրդ դահիճների դեմ կռվում էին ռուսական ծագումով սպաներ, որոնցից գնդապետ Կորոլկովի, Կազիմիրսկու, Սիլինի, Պերեկրեստովի, կապիտան Շնեուրի, Ավագ Զոլոտարյովի անունները մշտապես կհիշի երախտապարտ հայ ժողովուրդը։
Մեր հայրենիքի համար ճակատագրական հերոսամարտին խիզախությամբ, քաջությամբ աչքի ընկան եղբայրական եզդի ժողովրդի զավակները՝ Ջհանգիր աղայի և Ուսուբ Բեկի առաջնորդությամբ։
5. Հայկական զորքի շարքերում էին հոգեւորականները, որոնք մարտիկներին բերեցին Էջմիածինը լքելու առաջարկից հրաժարված կաթողիկոս Գևորգ 5-րդի կոչը՝ պաշտպանել հայոց երկիրն ու հավատը թուրք մարդասպաններից։
6. Հայկական զորական հավաքական ուժի մեջ էին արդեն իսկ սրի քաշված արևմտյան Հայաստանի զինավառ ֆիդայիները՝ թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Մուրադի առաջնորդությամբ, որոնք իրենց կյանքը դրեցին Արևելյան Հայաստանի փրկության համար։
7.Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունն աննկարագրելի է։ Այդ հաղթանակը հնարավոր դարձրեց Բաթումի զինադադարի և պայմանագրի կնքումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև, որով ազդարարվեց նոր հայկական պետության ծնունդը՝ հայկական հողերի վրա։
Եթե Սարդարապատի հերոսամարտը հանրությանը վախեցնելու և թրքահաճո որոշումների, հոգեբանական ճնշման գործիք է, ապա դուք կարող եք տարբեր մեդիա հարթակներում հետագայում զառանցել միայն Մանազկերտի 1071թ. ճակատամարտի մասին, որտեղ տարած հաղթանակը թուրքերին բերեց Անդրկովկաս՝ սկիզբ դնելով բնիկ ազգերի տառապանքներին ու անվերջանալի սպառնալիքներին։