Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ուղևորվելու առաջարկը. Ադրբեջանում խիստ վրդովված են

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Ստեփանակերտ՝ ուսումնասիրելու օկուպացված տարածքի պատմամշակութային հուշարձանների վիճակը։

Օրերս տեղեկություն տարածվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է դեպի Արցախ ճանապարհորդելու՝ Ադրբեջանի առաջարկած երթուղին։

Այս առիթով Ադրբեջանին  խիստ վրդովեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանը՝ ըստ որի՝ կառույցը մերժում է Ակնայով Ստեփանակերտ ուղևորվելու առաջարկը։

«Մենք առաջարկել ենք Աղդամով գնալ Խանքենդի՝ փաստելու հայկական օկուպացիայի ժամանակվա ավերածությունները, սակայն  ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է մեր առաջարկը՝ ցանկություն հայտնելով գնալ Խանքենդի միայն այս քաղաքում գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու համար։ 

APA- ին հասած տեղեկությունների համաձայն ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ադրբեջանական կողմին տեղեկացրել է, որ իրենք զննելու են օկուպացիայից ազատագրված տարածքներում ընդամենը երկու հուշարձան, որից հետո անմիջապես գնալու են Խանքենդի։

Սրան դեմ է Ադրբեջանը։

Ադրբեջանական կողմը նման պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան անվանել է ոչ անկեղծ և ոչ թափանցիկ։ Այսպիսով, Ադրբեջանը չի ընդունում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի պայմանը»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այնուհետև ադրբեջանական կողմը բողոքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «կողմանակալ» վերաբերմունքի դեմ՝ նշելով. «Ադրբեջանական հողերի հայկական օկուպացիայի ընթացքում Ադրբեջանը ավելի քան 20 տարի համառորեն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին  առաքելություն իրականացնելու տարբեր կոչերով։ Ցավոք սրտի, նման առաքելություն չի իրականացվել, և դրա միակ պատճառը Հայաստանն է»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս փաստը նշել է 2005թ. ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հողերը գտնվում են Հայաստանի օկուպացիայի տա, ընդունելով,  որ հենց Հայաստանն է կանխել այցը»։

Հիշեցնենք, որ այս լալահառաչ հայտարարությունն արել է Ջուղայի խաչքարերի կոտորածը,  Գանձակի, Նախիջևանի, Շահումյանի շրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը, գերեզմանները, խաչքարերը ոչնչացրած երկիրը, որն այսօր էլ շարունակում է «սպիտակ ջարդը» օկուպացված Արցախում, որը 10 ամիս շրջափակման մեջ պահեց Արցախն ու վերջում այն հայաթափեց լիովին։