Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայոց ցեղասպանության թանգարանի հետնաբակում փաստաթղթեր ու լուսանկարներ են այրվել (տեսանյութ). թանգարանից պարզաբանել են

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում ցուցադրվում է, թե Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետնաբակում ինչպես են այրվում արխիվային փաստաթղթերը, լուսանկարները։

Տեսանյութի առիթով Հայոց ցեղասպանության թանգարանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»։

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը անձամբ է գնացել թանգարանի հետնաբակ, մոխիրների միջից հանել կիսայրված փաստաթղթերը, որոնց վրա կապույտ կնիք կա։ Նա նմուշները հանձնելու է հետազոտության, որպեսզի պարզի՝ կրկնօրինակների սևագրե՞ր են, ինչպես պարզաբանել են թանգարանից։