Ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ արված հայտարարության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ․
«Հայ պաշտոնյան չի կարող խեղաթյուրել այն փաստը, որ Լաչինի սահմանային անցակետով օրվա ընթացքում երկու ուղղություններով ազատ տեղաշարժվում են տասնյակ հայ բնակիչներ»։
Նախարարությունը նշել է, որ հայ բնակիչների վերաինտեգրման հարցում միջամտության անհապաղ դադարեցումը ցուցիչ կլինի, որ Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը.
«Հայ պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը թեւակոխել է սպառազինության նոր դարաշրջան, վկայում է այն մասին, որ այս երկիրը պատմությունից դասեր դեռ չի քաղել»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը նաև անդրադարձել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։
«Նախ այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն՝ սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Որպես կանոն՝ այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։
Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»,- նշված է հայտարարության մեջ: