Խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023 թվականի մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման և լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի դեմ արտահայտած կեղծ և զրպարտչական տեսակետերը․ հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Մեր հարևան երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն իր երկրի հայատյաց քաղաքականության հասցեատիրոջը կարծես շփոթել է, և այն, ինչ Բաքվի բռնապետն է իրականացնում հայերի դեմ, վերագրել է հայերիս, իսկ զոհ է ներկայացրել ադրբեջանցիներին։
Եվ այսպես, Ադրբեջանի զրպարտչամեքենան հերթական հերյուրանքն է հրապարակել, որը, հարկավ, միջազգային կառույցներին մոլորեցնելու, իրական հանցագործությունից շեղելու նպատակ ունի։
Հաջիզադեին հիշեցնենք, որ օրեր շարունակ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների վրա՝ նրանց թույլ չտալով այգեգործական աշխատանք իրականացնել։ Դե իսկ Լաչինի միջանցքի «բաց լինելու մասին» գունավոր հեքիաթներն արդեն ժողովածուի են վերածվել։
Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի ԱգՆ-ի հայտարարությունը.
«Հայաստանը, որը, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների, ամբողջությամբ դուրս չի բերում իր զինված ուժերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքից, նաև ապօրինի կերպով իր զինվորականներին տեղափոխում է Ադրբեջանի տարածք՝ մշտապես ռազմական սադրանքներ իրականացնելով Ադրբեջանի դեմ, վերջին շրջանում անհիմն մեղադրում է Ադրբեջանին եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ։
Հայաստանն ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային էթնիկ զտումների քաղաքականություն է վարում՝ իրագործելով ցեղասպանություն, մեղադրում է Ադրբեջանին Լաչինի ճանապարհն իբր փակելու, Ղարաբաղի շրջանում բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ իբր «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական սուտը:
Անընդունելի է, որ չնայած Ադրբեջանի՝ խաղաղության օրակարգը խթանելու ջանքերին՝ Հայաստանն այս գործընթացը խաթարելու նպատակով խաբել է միջազգային հանրությանը` փորձելով ստվեր գցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օրինական բողոքի ակցիայի վրա։
Ընդհանրապես, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները լի են տարածքային անհիմն պահանջներով Ադրբեջանի, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Դրանք կոպտորեն միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին։
Կոչ ենք անում Հայաստանին կատարել իր պարտավորությունները․ Ադրբեջանին անհիմն մեղադրելու, միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փոխարեն, զերծ մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը վնասող սադրիչ քայլերից ու հայտարարություններից, վտանգավոր հռետորաբանությունից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։