2018 թվականին՝ սահուն իշխանահանձնման գործարքից հետո, նոր կառավարչական թիմը որոշեց իր տիրապետության տակ ստեղծել մի գաղափարական հիմք, որի մեջ ամփոփված կլինեին անվտանգային, պաշտպանական, արտաքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, իրավական, նույնիսկ սպորտային թիրախային նպատակներ։ Ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ, գյուղական երազախաբություն՝ «լավագույն ավանդույթներով». ստեղծվեց մի ծրագիր, որի անունը դրվեց Հայաստան 2050։
Azg.am-ը ներկայացնում է «Համախմբում» շարժման աջակից, տնտեսագետ, վերլուծաբան Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը. հեռեհար ի՞նչ նպատակ էր դրել իր առջև ՀՀ իշխանությունը «Հայաստան- 2050»-ի տողատակում։
Հոդվածագրի դիտարկումները՝ ստորև.
Ծրագրի մեջ կային իսկապես բացառիկ տխմարություններ, որոնցից մի քանիսը հիշենք համառոտ՝
- Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել աշխարհի կամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ քառյակի մրցանակակիր,
- Ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն և մինչև 2050 թվականը այն դարձնել աշխարհի 10 լավագույն ծառայություններից մեկը,
- Հանրապետության բնակչության թիվը ներկա 2.5 մլն մարդուց հասցնել 5 միլիոնի։
Վստահ եմ, որ փնթի, չհիմնավորված, իրականության հետ կապ չունեցող ծրագիրը կազմել էին առնվազն երկու նպատակով՝
Ա. Որպեսզի գիտակից, խելացի, մասնագիտական տրամաբանություն ունեցող անձանց ներքաշեն հիմար, անիմաստ վիճաբանության մեջ, իսկ անգրագետ մարդկանց ուղեղում ներդնեն հիացմունքի, կռապաշտության, ակնածանքի, անհատի պաշտամունքի բաղադրիչներ՝ ի փառս նոր իշխանության առաջին դեմքի և յուր ընտանիքի։
Բ. Երկրորդ կետը բավականին խոր վերլուծության կարիք ունի, քանի որ հստակ նշվել էր ինչ -որ կոնկրետ թվական, սահմանագիծ, որին հասնելու համար ՀՀ նոր ղեկավարը պետք է առնվազն 30 տարի անընդհատ հաղթեր համապետական բոլոր հերթական և արտահերթ ընտրություններում և մնար իշխանության ղեկին։
Փաստացի, առանց ավելորդ ձևականության, մարդկանց հրամցնում էին մի կուսակցության, մեկ անձի 30 տարի իշխանության մնալու կրքոտ ցանկությունը և դրա սահմանադրական հնարավորությունը։
Դրան, իհարկե, նպաստելու էր այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության մեջ Սերժ Սարգսյանի սահմանադրագետ Հրայր Թովմասյանի ձեռքով ներառվել էր մի նորմ, ըստ որի՝ նույն անձի կողմից երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու սահմանափակումներ այլևս չկան։
«Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ օջախն է» վիճելի անձնատիրական լոզունգով ապրող ՀՀ ղեկավարն իշխանատենչության մասին սահմանադրական նոր իրողության մասին չէր խոսում, դրա համար էլ որոշ չկայացած գրաճանաչներին հանձնարարեցին երկնել վեց հնգամյակի մասին տխմար ծրագիրը, որը յուրօրինակ անոնս և հայտ էր 30 տարի երկրի բարձրագույն պաշտոնն ունենալու հավակնության մասին։
Դե, մի կողմից էլ չի կարելի մեղադրել մարդկանց։
Մարդն իր տեսակով ձգտում է հարմարավետության, կենցաղային կոմունիզմի, մշտական ուշադրության, գեղեցիկ, թանկարժեք հագուստի, զրահապատ ավտոմեքենաների, ընտանիքի բարեկեցության, հրամայողի դիրքի, ճամփորդությունների, և ներկա նյութապաշտ իրականության մեջ դա չի ընկալվում որպես արտառոց հակում։ Բայց եթե այդ ամենի տակ դրվում է սահմանադրական սահմանափակումների բացակայություն, ապա դա ստանում է չարագուշակ բնույթ։
Իսկ ո՞ւր է տանում այդ ճանապարհը։
Միայն Աֆրիկա։
Մի զարմացեք։ Այո՛, միայն Աֆրիկայում է հնարավոր սահմանադրությունների վերաձևակերպման, փոփոխությունների արդյունքում յուրացնել երկրի բարձրագույն պաշտոնը 30 և ավելի տարի ժամկետով։
Որպեսզի ավելի պարզորոշ լինի մեր պնդումը, ստորև ներկայացնում եմ աֆրիկական մի շարք իշխանավորների կառավարման տևողությունը։
1.Թեոդորո Նգեմա՝ (Հասարակածային Գվինեա) 43 տարի
2.Պոլ Բիիյա՝ (Կամերուն) 38 տարի
3.Դեննի Նգեսսս՝ (Կոնգո) 38 տարի
4. Իովերի Մուսսավենի՝ (Ուգանդա) 35 տարի
5. Մսավաթի Երրորդ՝ (Սվազիլենդ) 35 տարի
6. Իդրիս Դենի՝ (Չադ) 31 տարի
Այսպիսի առաջնորդների ցուցակը կարելի է շարունակել անվերջ, բայց սա Աֆրիկան է՝ աշխարհի ամենահետամնաց անկյունը, որտեղ տիրակալները ժողովրդին հավատացրել են, որ իրենք են միակ փրկիչը, և իրենց տիրապետությունն է միակ երջանկաբերը։
Որպես վերջաբան՝ ցանկանում եմ արձանագրել երկու իրողություն.
- Հայաստանը Աֆրիկա չէ։
- ՀՀ Սահմանադրության մեջ անհրաժեշտ է փոփոխություն, ըստ որի՝ կարգելվի մեկ անձի կողմից երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը և կսահմանվի անփոփոխ իմունիտետով նորմ պաշտոնավարման ժամկետների և քանակի վերաբերյալ։