Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է։
Գիտելիքահեն տնտեսության ձևավորման, տնտեսության կառուցվածքային արմատական բարեփոխումների, արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի ապահովման ծրագրային խոստումների կատարման փոխարեն՝ մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտը։
Հետևանքները չեն ուշանում։ Ավելին, տարածվում ու արհավիրք են բերում հանրության գրեթե բոլոր շերտերի համար՝ հանրային ծառայողներից մինչև սովորական գյուղացի, երիտասարդներից մինչև տարեց, ունեվորից մինչև անապահով։
Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ամբողջ հանրությանը։
Հիմա ներկայացնեմ խաղամոլության թռիչքաձև աճող՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր։
Միայն 2024 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։
2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։
Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին՝ նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով, շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ։
Իհարկե, կարելի է կռահել, թե այդ մեծ բոնուսն ու պատմականորեն բարձր գերշահույթները ինչ «ծառայությունների» դիմաց են ստացել ոլորտի կարկառուն որոշ ներկայացուցիչները։
Թադևս Ավետիսյան, տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր