Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրանական գազի մատակարարման սահմանափակումներ

«Ազգ»-ը ներկայացնում է իրանագետ Գրիգոր Առաքելյանի նոր հոդվածը՝ իրանական գազի մատակարարմանն առնչվող խնդիրների վերաբերյալ։

Իրանի գազի ազգային ընկերության բաշխիչ ցանցերի համակարգող տնօրեն Մոհամմադռեզա Ջուլայիի խոսքերով,  Իրանում  կենցաղային գազի սպառման ծավալը վերջին օրերին հասել է  ռեկորդային 650 միլիոն խորանարդ մետրի։ Ըստ տնօրենի, եթե առաջիկա օրերին գազի սպառման ծավալը չնվազի, գազի ազգային ընկերությունն ստիպված կլինի լրացուցիչ սահմանափակումներ մտցնել սպառողների գազամատակարարման ժամանակացույցի մեջ։

Հունվարի 11-ի ԻԻՀ կառավարության նիստի ժամանակ, Իրանի նավթի նախարարը հայտնել է, որ երկրում գրանցվել է գազի սպառման առավելագույն ցուցանիշը, և ոլորտի պատասխանատուներն աշխատում են կառավարելի դարձնել ճգնաժամային իրավիճակը։ Ըստ նախարարի, կառավարության «կարմիր  գիծը» կենցաղային գազի անխափան մատակարարումն է։ ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի խոսքերով, կենցաղային  գազի սպառման ծավալն  Իրանում ամենաբարձրն է աշխարհում։

Իրանական «Շարղ» օրաթերթի փոխանցմամբ, գազի դեֆիցիտի պատճառով, սահմանափակումներ են մտցվել երկրի արդյունաբերական ձեռնարկությունների գազամատակարարման գործընթացում, և չի բացառվում, որ սահմանափակումները տարածվեն նաև Իրանի տարբեր նահանգների սպառողների, այդ թվում՝ պետական հիմնարկների,  բանկերի,   ուսումնական հաստատությունների և այլ սպառողների վրա։ 

Բացի այդ, ըստ թուրքական պետական ​​Botas ընկերության,  իրանական գազի մատակարարման  համակարգում գրանցված անսարքության պատճառով, 2023 թվականի հունվարի 1-ից  իրանական գազի մատակարարումները  Թուրքիա պլանավորվածի համեմատ կրճատվել են 70%-ով։ Botas ընկերության զեկույցում  նշված է, որ իրանական կողմն աշխատում է խնդրի շուտափույթ լուծման ուղղությամբ։

Գազի մատակարարման   ճգնաժամային պայմաններում, 2023 թվականի հունվարի 12-ին Բեյրութ այցելած Իրանի ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանն իր գործընկերոջ՝ Աբդուլլահ Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ, գործընկերային պարտավորություններից ելնելով՝ առաջարկել է ձմռան կարիքները հոգալու  նպատակով,  ՋԷԿ-երի շահագործման համար Լիբանանին  անվճար 600 հազար տոննա մազութ մատակարարել։

Հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով  նախատեսված Հայաստանին  մատակարարվող  իրանական գազի կարևորությունը, և փոխադարձաբար՝ Հայաստանից դեպի Իրան արտահանվող, այս ճգնաժամային օրերին Իրանի համար հույժ կարևոր  էլեկտրաէներգիայի բացառիկ նշանակությունը,  կարելի է հույս  հայտնել,   որ գործընկերային պարտավորություններից ելնելով,  ձմռան ամիսներին    այս փոխշահավետ  բարտերային գործարքում  խափանումներ չեն գրանցվի։