Երեկվանից համացանցում ակտիվորեն շրջանառվում է 2022 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստացած նվերների մասին լուրը։ Մոտավոր հաշվարկներով սույն երիտասարդ «զորավարը» ստացել է 19 մլն դրամ, 22 000 ԱՄՆ դոլար,13.000 եվրո արժողությամբ նվերներ։
Azg.am-ը ներկայացնում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի հոդված-ակնարկը՝ թե ինչ եղավ հետո, երբ խորհրդային բարձրաստիճան սպաները «նվերներ» ստացան։
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
Իհարկե, եթե Սուրենը մնար որպես պատմության շարքային ուսուցիչ, նրան տրվելիք նվերները վստահորեն չէին գերազանցի մի քանի տասնյակ դոլարը, բայց ՊՆ ղեկավար նշանակված երիտասարդը 2022 թվականին հայտարարագրում է 75 000 ԱՄՆ դոլար «նվերներ»։
Արդյո՞ք սա օրինաչափ է
Պատերազմում պարտություն կրած, նոյեմբերի 9-ից հետո անընդհատ տարածք կորցնող, դիրքեր զիջող, գերիներ տվող բանակի փաստացի ղեկավարի նկատմամբ «նվերների տեղատարափը» բավականին զարմանալի է, ըստ իս՝ նաև բարոյական որոշ չափանիշների տեսանկյունից ոչ ընկալելի։
Վերոնշյալ նվիրատվությունները հիշեցնում են մի հին պատմություն՝ ՍՍՀՄ մարշալ Ժուկովի նկատմամբ քրեական հետապնդման մասին։
1946 թվականին Ստալինի անմիջական ցուցումով հարուցվում է, այսպես կոչված, «Ավարայրին, կամ նվիրատվությունների» գործը, որի դրդապատճառը պարտված, օկուպացված Գերմանիայից Սովետական բանակի ղեկավար կազմի համար թանկարժեք իրերի, կահույքի, արձանների, դաշնամուրների, արվեստի գործերի թալանն էր։
Բավական է նշել, որ միայն Կովել քաղաքի մաքսատանը հայտնաբերվել էր մարշալ ժուկովի հասցեով ուղարկվող յոթ վագոն, որտեղ 85 արկղերում գտնվել էին անտիկ իրեր, նկարներ, գորգեր, կահույք, լուսամփոփեր, այլ արժեքավոր առարկաներ։
Ժուկովի «ռազմավարի» լուրը մեծ սենսացիա առաջացրեց. նրան կանչեցին ռազմական խորհուրդ՝ բացատրություններ և պարզաբանումներ ստանալու։
Շատ բան տեսած սովետական անվտանգության աշխատակից քննիչները Ժուկովի բնակարանում և ամառանոցում հայտնաբերեցին և առգրավեցին ոսկով, ադամանդներով լի դրամապանակներ, Պոտսդամի պալատներից գողացված գորգեր, բրոնզե անտիկ քանդակներ, հին վարպետների վրձնի աշխատանքներ, 323 հատ սամույրի մուշտակ, ճենապակի, բյուրեղապակի, հնաոճ հրացաններ, թանկարժեք ավտոմեքենաներ։
1948 թվականի հունվարի 12-ին Ժուկովը նամակով դիմում է բոլշևիկյան կուսակցության կենտկոմին և փորձում «ձեռքբերումները» ներկայացնել՝ որպես նվեր։
Իհարկե, նրա նամակին ու հավաստիացումներին ոչ ոք չէր հավատում։
Նմանատիպ այլ «նվերների» և այդ «նվերներն» ստացածների նկատմամբ ևս սկսվեցին շահագրգիռ քննություններ, հարցաքննություններ, որոնց արդյունքում պարզվեց, որ տասնյակ մարտական գեներալներ, մարշալներ պարզապես թալանել են գերմանական երկիրը։ Առանց որևէ թույլտվության՝ նրանք դատարկել էին թանգարաններ, բնակարաններ, իրենց դրսևորել որպես շարքային գող-ավազակներ։
Հատուցումը չուշացավ
Դատարանի վճռով գնդակահարվեցին գեներալ-մայոր Գորդովը, Ռիբալչենկոն, Կուլիկը,15-25 տարվա ազատազրկման դատապարտվեցին գեներալներ Տելեգինը, Կրյուկովը, Տերենտևը, Մինյուկը և տասնյակ այլ բարձրաստիճան մարտական սպաներ։
Բացահայտումները հիմք հանդիսացան, որպեսզի ՍՍՀՄ մարշալ Ժուկովը հեռացվի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից և ուղարկվի Օդեսայի ռազմական օկրուգ, հետագայում՝ Ուրալյան օկրուգ։
Կարծում եմ՝ գիտակից քաղաքացիները հասկանում են, թե ինչու եմ հիշել մարշալ Ժուկովին և նրա ստացած «նվերները»։
Անհրաժեշտ եմ համարում, որպեսզի ՀՀ ՊՆ ղեկավարը հանրությանը ներկայացնի իր ստացած նվերների մասին սպառիչ բացատրություն, որտեղ, ըստ ամենայնի, կհիշատակվեն շռայլ նվիրատուների անունները։
Հանրությունը սպասում է այդ պարզաբանումներին։