Արևմտյան Ադրբեջան համայնքի հետ քարտեզ կպատրաստվի՝ վերանվանելու կամ վերադարձնելու պատմական տեղանունները Արևմտյան Ադրբեջանում, Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում. ասել է Միլի Մեջլիսի տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։
Ադրբեջանը, «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունի ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ ընդդեմ թշնամի երկրի ծավալապաշտական ու ագրեսիվ մտադրությունների ու ծրագրերի։ Ինչպես տեսնում ենք՝ ոչինչ. 230 հազար դոլարով Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողություն են անում, Սնուփ Դոգի՝ 6 միլիոն դոլար արժողությամբ համերգ են նախապատրաստում, հետո՝ չեղարկում, ու Սնուփ Դոգը գումարը չի վերադարձնում, Ակադեմիական քաղաք են «կառուցում» ու այսպես շարունակ… Մի խոսքով՝ թիթեռ են նկարում։
Նովրուզովը նաև հիշեցրել է, որ օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին։ Տեղանունների վերանվանման գործընթացին ներգրավվելու են Ադրբեջանի բուհերի և այլ կառույցների աշխատողներ։
«Այդ հարցերը խորհրդարան են մտնում պետության ղեկավարի հետ քննարկելուց հետո, որից հետո համապատասխան որոշում է կայացվում»,- ասել է նա։
Պաշտոնական Բաքուն բացեիբաց հայտարարում է, որ Արեւմտյան Ադրբեջանում, Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում տեղանունները վերականգնելու համար քարտեզ է պատրաստվում։