Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բաքուն չի հավատում, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա

Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին. ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Հաջիզադեն ասել է. «Մենք դատապարտում ենք այս հարձակումը և պահանջում ենք, որ Իրանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի սադրիչներին բացահայտելու համար։ Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում Ադրբեջանի դեմ իրականացվող հակաադրբեջանական արշավի առնչությամբ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվում, ինչը կարող է խթան հանդիսանալ այսօրվա հարձակման համար։ Ադրբեջանը միշտ կողմ է եղել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններին, սակայն նման սադրանքները բացասաբար են ազդում»։

Բաքուն չի կարծում, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։

Ինչպես հայտնել է Azg.am-ը, այսօր առավոտյան Թեհրանում  Ադրբեջանի  դեսպանության նկատմամբ իրականացված զինված հարձակման մասին  իրանական կայքերը տեղեկացնում են, որ նախնական տվյալներով, դեսպանություն ներխուժած   անձը զինված է եղել «կալաշնիկով» ավտոմատով, և իր «ընդվզման» դրդապատճառն անվանել  «անձնական» բնույթի։

Ըստ հաղորդագրությունների, դեսպանություն ներխուժած անձը պնդում է, որ դեռևս 2022 թվականի մարտ ամսին  իր կինը մուտք է գործել Ադրբեջանի դեսպանություն և այլևս չի վերադարձել։  Ենթադրյալ հանցագործի պարզաբանումներից տեղեկանում ենք, որ իր տիկնոջ մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, նա   բազմիցս դիմել է դեսպանություն, և համոզված լինելով, որ կինը գտնվում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում,  նախապես ձեռք է բերել զենքը և դիմել այդ ծայրահեղ քայլին։

Նշենք, որ զինված հարձակման հետևանքով, սպանվել է դեսպանության անավտանգության ծառայության բաժնի պետը և վիրավորվել անվտանության երկու ծառայողներ։