Հրահանգներ են տրվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան, ինչպես նաև Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակիցների տարհանման վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ն, Բաքվում Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ որոշում է կայացվել Իրանից դիվանագիտական անձնակազմը լիովին տարհանել։
«Սա վերաբերում է և՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, և՛ Թավրիզի գլխավոր հյուպատոսությանը։ Այս ոլորտում ներկայումս աշխատանքներ են տարվում, և տրվել են համապատասխան հրահանգներ։ Տրվել են հրահանգներ՝ ապահովելու Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների տարհանումը։ Այս հրահանգներն այժմ իրականացվում են։ Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը՝ մենք չենք կարող վտանգել մեր ժողովրդի կյանքը։ Այս զարգացումներին ուշադիր կհետևենք։ Մենք նաև կսպասենք անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ իրանական հետաքննության արդյունքներին, և դրանից կախված՝ կձեռնարկվեն հետագա քայլերը և կկայացվեն որոշումներ», – նշել է Ջեյհուն Բայրամովը։









