Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Անին Բյուզանդիային հանձնելու կտակի մի օրինակն էլ այսօր է կազմվում, անունը՝ «խաղաղության պայմանագիր»

5 տարի առաջ  Հանրապետության հրապարակում մեկը կոկորդ պատռելով հայտարարեց՝ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Azg.am-ը ներկայացնում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Համենդատյանի հոդվածը Հայաստանի պատմության անփառունակ էջերի ու դրանց համադրությամբ՝ մեր ներկայի մասին։

Հրայր Կամենդատյանը գրում է.

Ի տարբերություն շատերի՝ ես վստահ եմ, որ 5 տարի առաջ Հրապարակում գոռացողը գործում է անընդհատ թարմացվող ծրագրով, որի վերջին փուլը Հայաստանի կազմաքանդումն է, ֆիզիկական ոչնչացումը, և դա կատարվելու է առնվազն հինգ տարվա ընթացքում։

Ինչո՞ւ եմ նշել կոնկրետ ժամանակ, և ի՞նչ է սպասվում մեր երկրին։

Որպեսզի ավելի հասկանալի լինի, առաջադրենք մի քանի հարց և փորձենք դրանց պատասխանները ծառայեցնել մեր տրամաբանությանը։

Ովքե՞ր են Արցախի ոչնչացման  և ՀՀ կործանման հիմնական շահառու քաղաքական անձինք.

 հավաքական արևմուտքի  կեղծ լիբերալիզմը, որի մահակը Էրդողանն է, նաև արդի բյուզանդականությունը, որի կայսրական առաջնորդն է Պուտինը։

Այս երկու անձինք՝ իրենց բազմաքայլ կոմբինացիայով Հայաստանը հասցրել են  անդունդի եզրին, և թվում է՝ մեր ճակատագրական վախճանն  ամիսների հարց է։

 Սակայն կա մի բան, որը բարձր և զորեղ է  ցանկացած բռնակալից. դա կյանքի տևողությունն է՝ ընդհանրապես,  և քաղաքական կյանքի տևողությունը՝ մասնավորապես։

Մարմինը հազիվհազ քարշ տվող Էրդողանին և ամեն օր անդառնալի ծերացող Պուտինին մնացել է երևի ոչ ավելի,  քան հինգ տարվա կյանք։

Հասկանալի է, որ երկու նախկին կայսրություների ղեկավարները փորձելու են հինգ տարվա ընթացքում վերջնականապես  քայքայել, մասնատել Հայաստանը։ Ընդ որում՝ Հայաստանի մասնատումը լինելու է կարծես թե Բագրատունյաց Հայաստանի ողբերգական օրինակով։

1020 թվականին Անիի թագավոր Հովհաննես Աշոտը Բարսեղ Բուլղարասպան կայսեր ճնշման տակ և օսմանցիների առաջխաղացման պայմաններում երկիրը կտակեց Բյուզանդիային. կտակ, որի մասին  հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին գրում է. «…անդ եղեւ Հայոց կորստեան գիր և նամակ…»։

Կտակի եղելության լուրը ուշ հասավ Հայաստան, հետագայում արդեն Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Պատրիկ Վեստ Սարգիսն ավարտին հասցրեցին երկրի վերջնական հանձնումը։

Հայաստանի՝ «կադաստրի վկայական» փնտրող թիվ մեկ  պաշտոնյան, ըստ երևույթին, փորձում է նմանօրինակ մի կտակ կազմել և այդ կտակի ժամանակակից տարբերակը «խաղաղության պայմանագիր» կոչված աղետն է, որով դրվելու է Արցախի հայաթափման-հանձնման  և Հայաստանի քաղաքական սուվերեն կարգավիճակի փոփոխության մեկնարկը։

Ի՞նչ է պետք է անել։

Կա փրկության երկու տարբերակ.

1. Մարտավարական, որը կարող է լինել հանրաքվե «Հայաքվեն», որի օգնությամբ հնարավոր կլինի կանխել Արցախի հանձնումը։

2.Ռազմավարական, որը կարող է լինել հանրաքվեի արդյունքների հիման վրա՝ քաղաքացիական լայն համախմբում։