Azg.am-ի զրուցակիցն է Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
-Պարո՛ն Մելիքյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ չի տեսնում, և մեր տարածաշրջանում էսկալացիան որևէ հիմնավորում չունի։ Դուք կիսո՞ւմ եք այդ լավատեսությունը, թե այնուամենայնիվ էսկալացիայի վտանգ տեսնում եք։
-Ինձ թվում է, որ այս կարգի հայտարարությունները կոչված են սպասարկելու ՀՀ իշխող թիմի, ավելի ճիշտ՝ վարչապետ Փաշինյանի քաղաքական օրակարգը և որևէ կերպ չեն հիմնավորվում տարածաշրջանում ծավալվող զարգացումների տրամաբանությամբ։ Փաշինյանն իր այս պնդումը հաստատելու համար միայն մեկ հենման կետ ունի, և դա իր իսկ ենթակայության տակ գտնվող ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցն է։ Այսինքն՝ ժամանակին համապատասխան պետական կառույցի կողմից ստեղծվել է վարչապետի քաղաքական օրակարգը սպասարկող մի փաստաթուղթ, որն էլ հենց հիմնավորում է այդ քաղաքական օրակարգի ճշմարիտ լինելը։ Փակ շրջան է։
Սակայն եթե վաղը մեր դեմ պատերազմական գործողություններ նախաձեռնվեն, կամ էլ ներքաշվենք երրորդ կողմերի միմյանց դեմ նախձեռնած ռազմական բախումների մեջ, վարչապետ Փաշինյանը հանգիստ կասի, որ մեր պատկան մարմիններն էին մեղավոր մեր գլխին եկած «չնախատեսված» պատերազմը չկանխատեսելու համար։
Քաղաքականությունն, իհարկե, նաև տարատեսակ ապակողմնորոշիչ հնարքներ կիրառելու արվեստ է, բայց տվյալ դեպքում ՀՀ վարչապետը քաղաքական մակարդակում մեզ անուղղակիորեն զրկում է մտահոգիչ զարգացումներին համարժեք զինվելու քաղաքական հիմնավորումից։ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանին չի կարելի վստահել, քանի որ այստեղ բույն է դրել անթաքույց ռեևանշիզմն ու այդ հիմքով ակտիվորեն զինվում է, մինչդեռ, ըստ պաշտոնական Երևանի, մենք զինվելու իրական ոչ մի հիմք չունենք, քանի որ պատերազմական էսկալացիայի նախադրյալներ Փաշինյանը չի տեսնում։
-Պարո՛ն Մելիքյան, Հանրային հեռուատաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նաև խոստացավ խաղաղության համաձայնագիրը հրապարակել` այն ստորագրելուց հետո։ Որքանո՞վ է նման մոտեցումն, ըստ Ձեզ, արդարացված։ Արդյոք սա նման չէ հայ հանրությանը հերթական անգամ խաբելու, հասրակությանը նման կարևոր գործընթացին մասնակից չդարձնելու դրսևորման։
-Նա, հավանաբար, վստահ է, որ այդ համաձայնագիրն այնպիսի բովանդակություն ունի, որ կարող է լուրջ և անդառնալի հետևանքներով հղի դժգոհության ալիք բարձրացնել Հայաստանում։ Բայց սա դեռ հարցի մի կողմն է։ Կա այսօրինակ փաստաթղթերի ստորագրման նաև զուտ ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող իրավական ընթացակարգը, որը նկարագրված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում և պահանջ է պարունակում, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ը, Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները, այլ համապատասխան գերատեսչությունները ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ դրական եզրակացություն տան։ Այժմ, գոնե ինձ, հայտնի չէ՝ արդյոք թվարկված պետական մարմիններն իրենց բաժին հավանությունը տվել են ադրբեջանական վերջին խմբագրումներին, թե ոչ։
-Նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը «ձեռնտու փաստաթուղթ է», և եթե Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է` համարել են, որ այն ձեռնտու փաստաթուղթ է։
Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Փաշինյանն իրեն իրավունք վերապահում միանձնյա գնահատական հնչեցնել, խոսել ՀՀ անունից։
-Փաշինյանը մշտապես ընդգծում է, որ ՔՊ կուսակցությունն արդար ընտրությունների միջոցով ստացել է ժողովրդի քվեն, և իր պարտականությունն է ժողովրդի անունից պետության ճակատագրին վերաբերվող որոշումներ կայացնելը։ Անգամ եթե այդ որոշումները լինեն ցավոտ։ Անձամբ ինքը և իր քաղաքական թիմը հաստատակամ են իրենց բաժին պատասխանատվության շրջանակներում պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքներն այնպես, ինչպես ճիշտ են համարում և ունեն դրա մանդատը։ Այս պնդումները կարելի է վիճարկել, ասել, որ Փաշինյանն ուրացել է նախկինում տրված խոստումները և երբևէ մանդատ չի ստացել այն քայլերի համար, որ անում է այժմ կամ սրանից առաջ, բայց մանդատը չեղարկելու համար սա բավարար չի լինի։
–Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ եք կարծում` Ադրբեջանն առհասարակ հակվա՞ծ է ստորագրելու խաղաղության համաձայնագիրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անընդհատ հղում է կատարում Հայաստանի` «առկա խնդիրները» հաղթահարելու պարտականության վրա։
-Պաշտոնական Բաքուն նման նպատակ և ցանկություն ունենալու դեպքում, խնդրո առարկա փաստաթղթի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումից հետո կհայտարարեր այն ստորագրելու պատրաստակամության մասին։ Դա տեղի չի ունեցել։ Փոխարենն՝ ադրբեջանական կողմը նոր նախապայմաններ է հնչեցնում։
-Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակմամ դեպքում ի՞նչ կերպ կարող են արձագանքել Իրանը և Ռուսաստանը։
-Եթե դրա պատվիրատուների համար ադրբեջանական հարձակման բուն նպատակն Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելն է լինելու, ապա հավանաբար, ռուսական կողմը չի միջամտի, իսկ Իրանի արձագանքը կախված կլինի նրանից՝ արդյոք ԻԻՀ ղեկավարությունը կնախընտրի սեփական շահերը պաշտպանելու համար մտնել զինված պայքարի մեջ իր պետական տարածքից դուրս, թե կփորձի երկիրը վերածել պաշարված ամրոցի ու բանակցությունների մեջ մտնելով ԱՄՆ-ի հետ՝ ժամանակ ձգել։ Մենք, անկախ ամեն ինչից, պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության՝ առաջին հերթին ապավինելով սեփական ուժերին։
-Պարո՛ն Մելիքյան, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարեց, որ գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար։ Ադրբեջանը հակադարձեց այս հայտարարությանը` նշելով, որ «հայազգի բանտարկյալների հանցագործությունները հետաքննելն ու հետապնդելը Ադրբեջանի անքակտելի իրավունքը և պարտավորություն է»:
Ի վերջո` ի՞նչը կարող է ստիպել պաշտոնական Բաքվին` ազատ արձակելու հայ գերիներին։
-Այս պահին հայազգի պատանդների ազատ արձակման իրավաքաղաքական նախադրյալները կամ բացակայում են, կամ էլ շատ թույլ են։ Պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները ժխտում են Արցախի քաղաքական սուբյեկտայնության գոյությունը, իսկ Արցախի քաղաքական վերնախավ կոչվածն այդ սուբյեկտայնության գոյության հաստատման ուղղությամբ ոչ մի հոդաբաշխ պարզաբանում կամ պնդում չի անում։ Դրանով հայ պատանդների դեմ ուղղված դատավարական խեղկատակությունը բացառապես քրեական մեղադրանքների շրջանակներում իրականացնելու հնարավորություն է արտոնվել ադրբեջանական կողմին հենց հայկական շրջանակների կողմից։