Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացնում է ՀՀ սահմանային որոշ վայրեր չայցելել. անգամ տեղանուններ են նշված

ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատունը զգուշանալու կոչ է արել։

 Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ԱՄՆ դեսպանատունն անվտանգային հերթական նախազգուշացումն է արել` կոչ անելով զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։ 

ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

«Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»։

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝

  • Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը, 
  • Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը, 
  • Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
  • Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ. 
  • Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
  • Սյունիքի մարզ։ 
  • Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։ 

Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։

«ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է զգուշացման մեջ։

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հորդորում է ՝

  • Գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար, 
  • Հետևել տեղական լրատվամիջոցներին թարմացումների համար, 
  • Խուսափել մարդաշատ վայրերից, 
  • Խուսափել ցույցերից,
  • Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր անվտանգության մասին, 
  • Զգոն եղեք շրջապատում, 
  • Զգույշ եղեք գիշերը քայլելիս կամ վարելիս: