Ուրախալի է, որ վերջին շրջանում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ ցուցաբերելով աճի միտում։
Ինչպես հաղորդում էադրբեջանական APA-ն, ասված է Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական նամակում։
«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը և մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր միջպետական հարաբերությունների ամրապնդմանը Ձեր կողմից մշտապես տրված կարևորության, ինչպես նաև այս հարցում Ձեր շարունակական աջակցության համար։ Վստահ եմ, որ փետրվարին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիան, որը մեր հարաբերությունները բարձրացրեց որակապես նոր մակարդակի, նոր խթան կհաղորդի մեր գործընկերության զարգացմանը ոչ միայն ավանդական ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտային կապը և անվտանգությունը, այլև թվային փոխակերպման, արհեստական բանականության և այլ կարևոր ոլորտներում»,-ԱՄՆ-ի Անկախության օրվա առիթով Թրամփին ուղղված նամակում գրել է Ալիևը։
Այնուհետև նա անդրադարձել է Հարավային Կովկասում ԱՄՆ նախագահի քայլերին.
«Մենք նաև խոր գնահատանք ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղ օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանում կայուն զարգացման խթանման Ձեր վճռական ջանքերի համար: Անցյալ տարի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ձեր նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծեցին բոլորովին նոր և դրական մթնոլորտ: Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ: Ես նաև կցանկանայի հատուկ նշել Ձեր երկրի շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծին, որը կապահովի Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային, հուսալի և անվտանգ կապ»:









