Խնդրում եմ՝ հարցերն ուղղեք Գլխավոր դատախազությանը և ոչ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հետևյալ հարցին. ինչպե՞ս է գնահատում այն, որ դատախազությունը երեկ առանց ԿԸՀ-ի համաձայնության՝ մեղադրանք է առաջադրել այս պահին դեռևս պատգամավորի թեկնածու համարվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Միաժամանակ Վահագն Հովակիմյանը հիշեցրեց՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։
«Ես տեսել եմ հաղորդագրությունը. երեկ չեն մեղադրանք առաջադրել։ Հաղորդագրությունում խոսվում էր ինչ-որ նախկին քրեական գործի մասին։ Ընտրական օրենսգիրքը պատգամավորի թեկնածուներին անձեռնմխելիություն է տալիս, եթե քրեական հետապնդումը ծագել է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։ Եթե մինչ այդ եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, էդ լրիվ արդեն ուրիշ է։
Մեղադրանք առաջադրող Գլխավոր դատախազություն է, գնացեք Գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրում։ Եթե դուք կարծում եք, որ Գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է այդպես կարծում, դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց ԿԸՀ-ի նախագահից պահանջել մեկնաբանել Գլխավոր դատախազության գործողությունները, մեղմ ասած ճիշտ չէ»,- ասաց Հովակիմյանը։
Լրագրողները ԿԸՀ նախագահից հետաքրքրվեցին՝ վերջապես ԲՀԿ-ն անցնո՞ւմ է խորհրդարան, ինչին ի պատասխան՝ Հովակիմյանն ասաց.
«Ես նման նախնական գնահատական, չեմ կարող տալ, չեմ տա, մինչև ընդհանուր պրոցեսը չավարտվի, ընդհանուր գնահատական չավարտվի։ Իմ գնահատականը լինելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեսքով»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին, որ իշխանությունը նվազեցրել են ԲՀԿ-ի ձայները՝ հասկանալով, որ ինքը 3/5–րդ չի ստանում, ԿԸՀ նախագահը հարց ուղղեց.
«Որտե՞ղ է նվազել։ Նախնական արդյունքները հրապարակվել են, բոլոր 2005 տեղամասերի քաղվածքները, արձանագրությունները հրապարակվել են, և որ տեղամասեևրի քաղվածքները մեզնից խնդրել են, մենք այդ հնարավորությունը տվել ենք, այսինքն՝ ամեն ինչ թափանցիկ գնում է, ամբողջ գործընթացը տեսագրված է։ Հիմա վերահաշվարկը կրկին ուղիղ եթերում է իրականացվում։
ԲՀԿ-ի ձայները չեն պակասել, 4 տեղամասում սխալ մուտքագրում է արվել։ Արձանագրություններում ճիշտ թվերը գրված են։ Իրենք հենց մեր արձանագրություններից են իմացել, որ ոչ թե 1 ձայն է, այլ 77։ Եթե մեր արձանագրությունները չարտացոլեին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա։ Եթե եղել է սխալ մուտքագրում, դա շտկվելու է։ Եթե իրենք չհայտնաբերեին, մենք միևնույն է, ուղղելու էինք»։







