Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել ՀՀ-ի պետականության գոյությունը:
Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները:
Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20թթ-ին ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար:
Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով:
Նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել Հայաստանի պետականության գոյությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին հետևյալն է պահանջել. «Եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»։
Կարդացեք նաև՝ Եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով