Իսկ ինչու ո՞չ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու արդարադատության նախարարի պաշտոնի համար նախ առաջադրեցին, ապա մերժեցին ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունը:
Դիտարկմանը, որ նա իրավաբանական կրթություն չունի, ԱԺ նախագահն ասաց.
«Ես կարծում եմ, որ ունի բավարար գիտելիքներ: Խոսքը նրա մասին է, որ որևէ մեկը չկա, որ պետք է հնարավորություն չունենա մրցելու մնացածների հետ: Այսնիքն՝ պետք է ինչ-որ ձևով որևիցե մեկին այս կամ այն անձի ցանկությամբ ու գնահատականով սահմանափակվե՞նք: Մարդը ցանկություն հայտնեց մասնակցել այդ քննարկմանը, մասնակցեց, թիմի հետ քննարկեց այդ հարցը, և անցանք առաջ:
Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չեմ կարողացել մրցակցել այդ ժամանակվա թեկնածուի հետ: Բայց դա չի նշանակում, որ ես քիչ գիտելիք ունեի կամ վատն եմ, էն մյուս թեկնածուն լավն է»:
Նշենք, որ այսօր ևս ՔՊ-ում քննարկվելու է արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու հարցը: Այս պահին շոշափվում է 4 թեկնածուի անուն՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փաստաբան Ալեքսանդր Սիրունյան: