Իրավապահները բնակարանային գողությունների եւ այլ բնույթի հանցագործությունների բացահայտմամբ զբաղվելու ժամանակ չունեն, քանի որ զբաղված են ընդդիմադիրների դեմ գործեր կարելով, ինչպես Չալաբյանի կամ Աշոտյանի դեպքում. այս մասին այսօր «Իրավական պետության ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ոչ միայն հանցագործությունների դեպքերի աճն է ավելացել, այլև հանցավորության կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ: «Թավշյա» հեղափոխությունից հետո ավելացել են սպանությունները, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը, և հատկապես ամենամտահոգիչը հրազենի հետ կապված դեպքերն են, ապօրինի զենք-զինամթերք պահելը, դրանց կիրառմամբ հանցագործությունները: Օրինակ՝ 2019 թվականի առաջին 6 ամիսներին հրազենի կիրառմամբ կատարվել է նույնքան հանցագործություն, ինչ ամբողջ 2018 թվականին»,- ասաց նա։
Ըստ փաստաբան Կոչուբաևի՝ գործող ռեժիմը իշխանության չի եկել Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու նպատակով, նրանց ողջ քաղաքական կամքն ուղղված է միայն այլախոհներին, իշխանական կարծիք-տեսակետից տարբերվող խոսքը ճնշելուն:
«Նրանք իշխանության եկան Ռոբին Հուդի կարգախոսներով, սակայն ելնելով կայացած դատավճիռներից՝ կարելի է եզրակացնել, որ նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան այդքան էլ տարածված չէր։ Չկա ոչ մի դատապարտված նախկին կոռուպցիոներ, սակայն կան հասարակության աչքում վարկաբեկված գեներալներ ու բանակ։ Այս ամենն արվում է հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով, դրան գումարած՝ կա անպատժելիության մթնոլորտ»,- վստահեցրեց փաստաբանը։
Ալեքսանդր Կոչուբաևի գնահատմամբ՝ Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրությունը վատը չէ, խնդիրն այն կիրառելու կամքն է։ Փաստաբանի հավաստմամբ՝ այս ամենը երկրում քաոս ստեղծելու պետական քաղաքականության միտումի մասին է վկայում:
Ավելին՝ տեսանյութում.







