Նիկոլ Փաշինյանը երեկ հանրությանն է ներկայացնում մի չափազանց պրիմիտիվ «մաթեմատիկա»: Ի՞նչ է նա ասում:
Եթե ընդդիմությունը գա իշխանության՝ որեւէ կոնֆիգուրացիայով, ապա կա հետեւյալ երեք հավանականությունը. Խաղաղության «ռեվիզիայի» արդյունքում կամ կլինի ավելի լավ խաղաղություն, կամ կլինի ավելի վատ խաղաղություն, կամ չի լինի խաղաղություն. կլինի պատերազմ:
Հետո ինքն իր այս մաթեմատիկան «բաղդատում» է եւ եզրակացնում, որ ստացվում է 2 վատ եւ 1 լավ սցենար, այսինքն՝ ավելի բարձր է վատ սցենարների հավանականությունը:
Կարծում եմ, որ մաթեմատիկոսները կարող են հանգիստ հայց ներկայացնել Փաշինյանի դեմ անգամ տարրական թվաբանությունն ու տրամաբանությունը բռնաբարելու համար: Որովհետեւ, եթե օրինակ առաջնորդվենք նույնիսկ իր տրամաբանական ելակետերով, ապա կա նաեւ չորրորդ տարբերակը՝ ոչ մի բան չի փոխվում, եւ խաղաղություն ասվածը մնում է այնպիսին, ինչպիսին կա: Հետեւաբար, Փաշինյանի իսկ տրամաբանությամբ չափելիս բացասական սցենարները չեն գերակշում, այլ հաշվիվ 2:2 է:
Բայց, ընդհանրապես պետք չէ հայտնվել այդ «տրամաբանության» ծուղակում, որովհետեւ ռեգիոնալ խաղաղության ու կայունության հարցը չափվում է տասնյակ գործոններով, որոնց ճնշող մեծամասնությունն անգամ Հայաստանի ու Ադրբեջանի դաշտում չէ: Ընդ որում, դա վկայել է Նիկոլ Փաշիննյանը հենց ինքը՝ Եվրախորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ասելով, թե «մեզ մնում է միայն աղոթել»:
Իսկ ինչու՞ «աղոթել», եթե խաղաղությունը քո իսկ ձեռքում է: Եթե խաղաղությունը քո ձեռքում է, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, էլ ինչու՞ աղոթել, աղոթելու, տագնապելու ի՞նչ կարիք կա:
Սա ակնառու կերպով վկայում է, որ նույն տրամաբանությունն առկա է նաեւ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության լինելու պարագայում: Այսինքն, իրավիճակը շատ հանգիստ կարող է վատանալ եւ վատթարանալ: Հետեւաբար ընդդիմության իշխանության գալ-չգալը այստեղ չունի որեւէ կապ:
Եվ ավելին, հենց այստեղ է, որ շատ կարեւոր է այն բանաձեււը, որի մասին խոսում են ընդդիմադիր առաջատար ուժերը, այդ թվում առաջնորդող՝ Սամվել Կարապետյանը: Որպեսզի մակրոմիջավայրի վատթարացման պարագայում Հայաստանը լինի հնարավորինս դիմադրունակ ու ճկուն, պետք է կառավարման շատ ավելի մեծ էֆեկտիվություն, հետեւաբար դրան առավել ունակ իշխանություն, որի «հարատեւության» գաղտնիքը ոչ թե ներհաարակական բեվեռացում սրելն է, այլ հակառակը՝ հանրային համերաշխության առավելագույն միջավայրի հասնելը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









