Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ինչու պայքարեց Լեռնահայաստանը

Այս գոյամարտը տվեց պատմական հետևյալ փառավոր փաստերը, որոնք մեր թշնամիների հիացմունքն իսկ կորզեցին.

  1. Լեռնահայաստանի երկամյա կռիվների ընթացքում թշնամուն՝ մուսավաթական Ադրբեջանին թե Խորհրդային Ռուսաստանին, չհաջողվեց զենքի ուժով տեր դառնալ մեր գյուղերից անգա՛մ մեկին:
  2. Թշնամին՝ թաթար, ռուս և թուրք, թվապես և տեխնիկապես ավելի քան հարյուր անգամ գերազանցելով Սյունիքի ուժերը, տվեց մեզնից ավելի քան հարյուր անգամ ավել զոհեր, մի քանի հազար գերիներ, պատերազմական մեծաքանակ ավար: Մենք ունեցանք սպանված միայն և միմիայն 28 հոգի և չտվինք ո՛չ մեկ գերի, ո՛չ մեկ ավար:
  3. Զուրկ լինելով տեխնիկ միջոցներից՝ թշնամու դեմ կռվել ենք իրենից խլած ռազմամթերքով ու զենքերով:
  4. Իմ ժողովրդական զորամասերը մասնավորապես գոյամարտի նախաբոլշևիկյան շրջանում ապրել են թշնամուց ձեռք բերված հացի և այլ կենսամթերքների պաշարով:
  5. Շնորհիվ իմ վարած գոյամարտի՝ Սյունիքի հայությունը փրկված է ո՛չ միայն վերահաս համաիսլամական վտանգից, այլև 1920 թվին սպառնացող սովից:
  6. 1920թ. հուլիսին Սյունիքում գործող բոլոր հակաբոլշևիկյան կուսակցությունները, Ազգային խորհուրդը, Հայաստանի հանրապետական կառավարության ներկայացուցչությունը և իր կանոնավոր զորամասերը, ինչ-ինչ նկատումներով դիմադրությունը անհնարին համարելով, լքեցին այդ երկրամասը և քաշվեցին Արարատյան Հայաստան:
  7. Չնայած նրան, որ 1920թ. օգոստոսի 10-ի պայմանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը Զանգեզուրն անորոշ ժամանակով զիջեց խորհրդային իշխանությանը՝ մեծապես վտանգելով իր այդ ապստամբ երկրամասի դրությունը, իմ ուժերը շարունակեցին պայքարը և ստեղծեցին ինքնավար Սյունիքը:
  8. Ինքնավար Սյունիքը քաղաքական որոշ նկատումներով տեղի չտվեց նաև Արարատյան Հայաստանի առաջին անկումը խորհրդայնացումից հետո:
  9. Իր անկախության կռիվը Սյունիքը շարունակեց ամենադժնդակ քաղաքական մենակության մեջ, այն ժամանակ, երբ համայն Ռուսաստանը և ողջ Կովկասը լուռ կրում էին բոլշևիկյան լուծը:
  10. Սյունիքը եղավ նաև հոգեբանական հրահրիչը Երևանի Փետրվարյան պոռթկումի և պաշտպան ու փրկության կամուրջ հանդիսանալով՝ խորհրդային կացնից փրկեց հայ մտավորականությանը, սպայությանը և խմբապետությանը:
  11. Կտրված աշխարհից, զուրկ հաղորդակցության ամենատարրական միջոցներից, զուրկ հացից ու ռազմամթերքից, որպես մի բերդային շրջան՝ Սյունիքը կռիվ մղեց շրջագծաձև ռազմաճակատների վրա, առանց թիկունքի և դրսի օգնության հույսերի, այնպիսի դժնդակ վիճակի մեջ, երբ քաշվել էին պատասխանատու կառավարություններն ու կուսակցությունները, և մնում էր ու համառում իր լեռներին կառչած ժողովրդի հերոսական ոգին:
  12. Սյունիքը իր ցույց տված դիմադրական խոյանքներով ստիպեց անգա՛մ իր թշնամիներին հարգանքով խոսել իր մասին և տեղի տվեց առանց կռվի իր կամքը խորհրդային իշխանության պարտադրելուց, այն է՝ Հայաստանի անբաժան մասը ճանաչվելուց հետո:
    Պատմական այս պերճախոս իրողությունները իրավունք են տալիս ինձ՝ առանձին հպարտությամբ ու քաղցրությամբ Լեռնահայաստանն անվանելու «վիրավոր, բայց անպարտելի զինվոր»: