Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թրամփից մատնահետքեր են վերցրել, լուսանկարել. նա մեղադրյալ է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու ֆինանսական խարդախության համար։

Թրամփին  ձերբակալել են, մատնահետքեր են վերցրել ու լուսանկարել, որից հետո տեղի է ունեցել գործով առաջին նիստը։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թրամփը մտադիր է դատարանում իրեն անմեղ ճանաչել։

Թրամփը դատարան է ժամանել մեկ տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով և անվտանգության աշխատակիցներով, որոնք իրեն են պատկանում որպես նախկին նախագահ։

Թրամփի ավտոշարասյունը դատարան է ժամանել Trump Tower-ից, ուր նախկին նախագահը ժամանել է Ֆլորիդայից,  մեկ օր առաջ։ Դատարանի մոտ հավաքվել էին Թրամփի բազմաթիվ կողմնակիցներ ու հակառակորդներ, ինչպես նաև լրագրողներ. տարածքը շրջափակել են ոստիկանները և Գաղտնի ծառայության անդամները, որոնք հսկում են Թրամփին։

Չնայած լրագրողների բազմաթիվ խնդրանքներին և հետաքրքրությանը՝  դատարանը թույլ չի տվել ուղիղ եթեր հեռարձակել նիստերի դահլիճի իրադարձությունը։  Միայն թույլատրվել է   մի քանի լուսանկար անել, այն էլ՝  մինչև նիստի մեկնարկը։