Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են. պահանջում են ազատ արձակել Սաակաշվիլիին

Վրաստանի խորհրդարանի առջև հազարավոր մարդիկ կիրակի օրը միացել են «Միասին դեպի Եվրոպա» խորագրով ակցիային, որը կազմակերպվել էր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությանը:

Ցուցարարներն իշխանություններից պահանջում են կատարել Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները, ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, «Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, ինչպես նաև մարտի 7-9-ը տեղի ունեցած ակցիաների մասնակից  Լազարե Գրիգորիադիսին:

Ընդդիմությունն ակցիան կազմակերպել է ապրիլի 9-ին, երբ երկիրը նշում էր Ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և 1989 թ.-ին Թբիլիսիում զինվորականների կողմից բազմահազարանոց հանրահավաքը ցրելու հետևանքով 21 զոհերի հիշատակի օրը:

Ցուցարարներն իրենց հետ բերել են Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները։

BBC-ն իր հերթին նշում է, որ Վրաստանում հասարակությունը մեծամասամբ եվրոպամետ է, կառավարությունը ևս հայտարարում է, որ ցանկանում է միանալ ԵՄ-ին, սակայն ընդդիմադիրների պնդմամբ՝ կառավարության գործողությունների պատճառով ԵՄ-ի անդամ դառնալու հնարավորությունները նվազում են:

Հունիսին Բրյուսելը պաշտոնապես Ուկրաինան և Մոլդովան անվանել է որպես Եվրամիության անդամի թեկնածու երկրներ, սակայն նշել է, որ Վրաստանն այդ կարգավիճակին հասնելու համար պետք է մի շարք քաղաքական և դատական բարեփոխումներ կատարի: