Գլխավոր դատախազությունը մերժեց Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը։ Զոհված զինծառայողների հարազատներն այսօր Ֆրանսիայի հրապարակում բեմ են բարձրացել, հանրությանը ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծման պահանջով ապրիլի 26-ից սկսել են բողոքի ակցիաները։
Զոհված զինվորի մայրն իր ելույթում նշել է.«Գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիոկլ Փաշինյանն, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանին, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանարպետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան Հայկական Զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութն ու Շուշին:
Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի կողմից քննվում է այդ հաղորդումը, ըստ մամուլի՝ այս դատավորը համարվում է իշխանության կամքը կատարող դատավոր, և ակնհայտորեն դատաքննությունը ձգձգվում է: Դատարանի վարքագիծը ծաղր է ծնողների և մեր վշտի նկատմամբ:
Մենք՝ զոհվածների հարազատներս, պահանջում ենք դատախազությունից և քննչական կոմիտեից ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Պահանջում ենք նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը: Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գործարկվել պատշաճ կերպով, ինչը միտումնավոր է արվում, և այս ամենի հեղինակն է Ջհանգիրյանը: Եվ մենք պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը խաթարած Ջհանգիրյանի հրաժարականը, դատական համակարգում դուք այլևս անելքի չունեք, հեռացեք»: