Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին համաձայն չէ Պուտինի եռօրյա հրադադարի առաջարկին, նա 30-օրյա հրադադար է ուզում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հրադադարի մայիսի 7-ից (կամ ցանկացած այլ օրից), բայց ոչ թե երեք, այլ 30 օրով։ Նա առաջին անգամ բացահայտորեն մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, հայտարարված հրադադարի առաջարկը. գրում է BBC News-ը։

«Սա մեծ թատերական ներկայացում է», – մեկնաբանել է Զելենսկին եռօրյա զինադադարի գաղափարը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդքան կարճ ժամանակահատվածում անհնար է որևէ բանի շուրջ համաձայնության գալ, այդ իսկ պատճառով Կիևը պնդում է 30-օրյա հրադադար։

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ եթե Ռուսաստանը պատրաստ է խոսել իրական հրադադարի մասին, ապա կողմերը պետք է աջակցեն ԱՄՆ-ի նախնական առաջարկին՝ 30-օրյա անվերապահ հրադադարի վերաբերյալ։

«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցողի համար։ Նրանք [ռուսները] ապահովում են ձեր անվտանգությունը, և մենք որևէ երաշխիք չենք տա, քանի որ չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ օրերին։

Ուկրաինան, անշուշտ, որևէ պատասխանատվություն չի կրում այսօր Ռուսաստանում տեղի ունեցողի համար», – հավելել է նա՝ հիշեցնելով, որ Ուկրաինան ենթարկվել է հարձակումների տարբեր օտարերկրյա առաջնորդների այցելությունների ժամանակ։

Զելենսկին լրագրողներին ասել է, որ Կիևը նորմալ շփվում է Չինաստանի և այլ պետությունների հետ, որոնք չեն աջակցում Ուկրաինային, «սակայն այնտեղ ինչ-որ տեղ նրանք հավասարակշռություն են պահպանում և երբեմն թեքվում են դեպի Ռուսաստան՝ պատմական կապերի պատճառով»։

Մայիսի 9-ին Մոսկվա ժամանող առաջնորդների թվում են  Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Ճիշտ է, Վուչիչը ստիպված էր մայիսի 3-ին ընդհատել իր ուղևորությունը Միացյալ Նահանգներ և վերադառնալ Սերբիա առողջական խնդիրների պատճառով, և դեռևս պարզ չէ, թե արդյոք հիվանդությունը կազդի՞ նրա ապագա ծրագրերի վրա։

Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է 30-ժամյա հրադադարի մասին՝ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։ Կիևը խոստացել է համարժեք պատասխան տալ Մոսկվայի գործողություններին։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։