Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, պետք է ստուգել, հասկանալ. Գարեգին Բաղրամյան

Ջրի, հոսանքի և գազի՝ առանց  զգուշացման անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն, եթե ի սկզբանե հնարավոր չէր կանխատեսել այդ անջատումը, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի և հոսանքի՝ պարբերական բնույթ կրող անջատումներին։

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարում են սպառողներին, և դա լինում  է պարբերաբար.

«Մեր վարույթների արդյունքում ընկերությունները տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր  մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ  որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք  է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանքը ստանում է անմիջապես տուժող սպառողը։

Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով»։

Գարեգին Բաղրամյանը միաժամանակ ընդգծեց, որ առկա է գլոբալ խնդիր՝ ջրաղբյուրների ջրաքանակի՝ մոտ 20-30 տոկոս նվազում կա։

Գարեգին Բաղրամյանը շեշտեց, որ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի։