Օրեր առաջ Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էրատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել է, թե այդ ջոկատը Գորիսի խրամատներում է կանգնել:
«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր»,- ասել էր նա:
Մի կողմ թողնենք, որ այդ օրերին սոցցանցերում հատկապես կանայք քննարկում էին «ֆենած» մազերով էրատոներին՝ կարծես ամեն օր սալոններից էին դուրս գալիս…
Մեր տեղեկություններով, նախ Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսում բունկեր և խրամատ էր փորվել:
Ավելի ուշ 2-րդ, 3-րդ գծում մի փոքր փոս են փորել, երբ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 17-19-ին գնացել է այնտեղ, բայց սա դասական իմաստով խրամատ չի եղել:
Ինչ վերաբերում է այդ օրերին սոցցանցերում տարածված «Էրատո» ջոկատի և Աննա Հակոբյանի «ռազմական» նկարներին, ապա դրանք արվել են Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածում գտնվող մի տան նկուղում, որտեղ Աննա Հակոբյանը բուշլատով ծածկված է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կնոջը հանձնարարել է գնալ Արցախ՝ հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու:
«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող քաղաքը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել՝ որպես իշխանության ցոփության օրինակ։ Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր հասցնելը հանցագործությո՞ւն էր»,- ասել էր Փաշինյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն էլ հավելել էր, թե Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված է եղել բացառապես թիկունքային աշխատանքներում:
Սա՝ այն դեպքում, երբ ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողներին հստակ հայտնել էր, թե ինչպես է Աննա Հակոբյանը բունկերում նստած հետևել մարտական գործողություններին:
«Հրամանատարական կետից ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ-տեսել եմ՝ նստած է տիկին Աննան, էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքին կանգնած է Բաբայան Սամվելը: Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր մեկ դիտարժան մարտ, բոլորդ շատ երկար ժամանակ լուսաբանում էիք, դա հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ որ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ էին ջախջախում: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ էր կատարվում մարտի դաշտում: Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի-ասեցի՝ տիկի՛ն Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու. մնացած ուղղություններում ընթանում են մարտեր: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև՝ հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից: Ասեց՝ լավ: Մի 20 րոպե նստեց-գնաց: 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան»,- մանրամասնել էր գեներալը:
Ի դեպ, հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրառում էր կատարում, որ գտնվում են գնդակոծվող քաղաքում, և կից տեսանյութ տեղադրում, որտեղից երևում էր, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։