Հոկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ստրասբուրգ: Նույն օրը նա հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոպերտա Մացոլային, իսկ հոկտեմբերի 17-ին ելույթ էր ունեցել խորհրդարանում: Ելույթից հետո խորհրդարանի դահլիճը հոտնկայս ծափահարություններով ողջունել է ՀՀ վարչապետին: Ինչպես ենթադրելի էր, պաշտոնական Մոսկվան դժգոհություն բաձրացրեց, իսկ ռուսական լրատվամիջները խիստ վրդովվեցին:
Վերջին շրջանում թուրքական մամուլը, հաճախակի անդրադառնալով Երևան-Մոսկվա հարաբերություննրին, գրում էր Երևանից Մոսկվային դժգոհության կամ Փաշինյանի՝ Կրեմլին պատճառած զայրույթի մասին: Այդ առումով Թուրքիային պիտի հետաքրքրեր ՀՀ վարչապետի ստրասբուրգյան ելույթը, ինչպես ինձ հետաքրքրում էին ելույթի թուրքական գնահատականները: Սակայն հակառակ ենթադրությունների՝ թուրքական թերթերը «ողջամտորեն» շրջանցեցին ՀՀ վարչապետի ելույթը:
Բացառություն է կազմել «Ակօս» շաբաթաթերթը, ընդ որում՝ հոկտեմբերի 18-ին հրապարակել է Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը՝ առանց մոռանալու ԵԽ-ի հոտկայս ծափահարությունը, իսկ հաջորդ օրը՝ «Եվրոպական խորհրդարանի ելույթով Փաշինյանը զայրացրեց Մոսկվային» վերնագրով: Թեև «Ակօս»-ը թուրքական թերթ չէ, սակայն հրապարկվում է Ստամբուլում, այսինքն՝ նրա դիտարկումները Թուրքիայում են արվում:
Այս հանգամանքը միանգամայն ուշագրավ է դարձնում «Ակօս»-ի՝ հոկտեմբերի 19-ին հրապարակած հոդվածը, ուստի թարգմանաբար ուշադրության ենք ներկայացնում. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդարանում: Շուրջ 45 րոպե տևեղությամբ այդ ելույթում նա, առանց անունը տալու, քննադատել է Ռուսաստանին, որպես դաշնակից՝ Հայաստանին մենակ թողնելու մեղադրանքով, իսկ Ադրբեջանին՝ մինչև օրս Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ: Ելույթին հակազդեցությամբ արձագանքել են Մոսկվան և Բաքուն:
Այն արձագանք է գտել նաև տարածաշրջանում: Ռուս պատասխանատու գործիչներից մեկը, որը չէր ցանկանում ներկայանալ, TACC-ի հարցերին պատասխանելիս ասաց, որ Փաշինյանն ամենայն արագությամբ սկսեց հետևել Ուկրաինայի նախագահի օրինակին՝ գնահատելով վերջինի ելույթը «անպատասխանատու և սադրիչ»:
Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին ելույթի առնչությամբ հայտարարեց. «Հայաստանը նոր ուղիների կառուցման միջոցով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունն ապահովելու պարտավորություն է ստանձնել», ապա հայտարարության մեջ Հայաստանին մեղադրեց ագրեսիվ քաղաքականություն վարելու մեջ:
Փաշինյանը ելույթում, առանց անունը տալու քննադատել էր Ռուսաստանին՝ ասելով. «Տասնյակ հազարավոր հայեր, երբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն էին փախչում, մեր դաշնակիցները ոչ միայն մեզ չեն օգնել, այլև Հայաստանի դեմոկրատական իշխանություններին տապալելու նկատառումով երկրում իշխանափոխության կոչեր են հնչեցրել»:
Փաշինյանը քննադատել է նաև Ադրբեջանին. «2022 թ. դեկտեմբերից ի վեր, երբ Ադրբեջանը, ապօրինի շրջափակելով Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի հայերին բնական գազից, էլեկտրականությունից, վառելիքից, պարենից, մանկական սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից էր զրկում, Ադրբեջանի զինված ուժերն էլ թիրախավորում էին դաշտում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակիչներին: Բազմիցս զգուշացրել ենք, բայց՝ ապարդյուն: Այս սցենարի մասին, ինչ տեղի ունեցավ, բարձրաձայնել էինք դեռևս 2023-ի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին, նաև բացատրել: Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվել, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանին: Այս խոսքերը կարևոր են քաղաքացիությունից զրկված մարդկանց իրավունքներն ապագայում պահպանելու համար»:
Փաշինյանը միաժամանակ ասել է.«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600քառ.կազմող տարածքի ամբողջականությունը: Սակայն Ադրբեջանի նախագահը խուսափում է համանման հայտարարությունից, ավելին՝ սահմանազատումը ԽՍՀՄ-ի վերջին քարտեզների հիման վրա անցկացնելու հարցում անորոշություն է դրսևորում, իսկ դա տեղիք է տալիս որոշ մասնագետներին, որ կանխատեսումներ անեն, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում ձեռնարկելու նախադրյալներ է ստեղծում»:
Հակոբ Չաքրյան