Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եվրախորհրդարանը՝ ընդդեմ Իրանի

Ինչպես  սպասվում էր, Եվրախորհրդարանը  հունվարի 19-ին ընդունեց բանաձև, որով պահանջվում է Իրանի իշխանություններից վերջ դնել երկրում  ընդդիմադիր ուժերի նկատմամբ գործադրվող  բռնություններին և զերծ մնալ դատապարտյալներին մահապատժի ենթարկելու  պրակտիկայից։ Բանաձևը նաև  հորդորում  է  Եվրամիությանը՝  առավել գործուն քայլերով աջակցել Իրանի ժողովրդին, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների ցանկում  ներառել  Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը (ԻԻՀՊԿ) ։

Նշենք, որ Եվրախորհրդարանի  ընթացիկ   նստաշրջանում  քննարկման դրված   օրակարգային հարցերից  մեկը վերաբերում  էր Իրանին, որի առիթով եվրոպական երկրների տարբեր քաղաքներում բնակվող իրանցիները  Եվրախորհրդարանի պաշտոնական նստավայրի  մոտ անցկացրած հանրահավաքի ժամանակ պահանջում էին   ԻԻՀՊԿ-ը  ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում։

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանը նույն օրը հանդես է եկել հայտարարությամբ և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն անվանել «կրակոց սեփական ոտքին», զգուշացնելով Եվրոպական կառույցին՝ «մտածել Եվրոպայում  այդ զգայական  քայլի  հետևանքների մասին  և ընթանալ  դիվանագիտական քայլերով   ուղեկցվող կառուցողական փոխգործակցության  ճանապարհով»։  Իրանում լույս տեսնող «Համշահրի» օրաթերթի փոխանցմամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության  և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ,  և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն անվանել  «զգայական, խիստ, ոչ պրոֆեսիոնալ  և քաղաքականությանն ու քաղաքակրթությանը հակասող փաստաթուղթ»։

Իրանի ԱԳ նախարարը, պաշտպանելով  ԻԻՀՊԿ-ի գործունեությունը,  այն բնութագրել է որպես Իրանի ազգային անվտանգության ապահովման հարցում, հատկապես՝ ահաբեկչության դեմ  պայքարում,  նշանակալի  դերակատարություն ունեցած կառավարական և պաշտոնական կառույց։

Գրիգոր Առաքելյան