Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ես չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն է ընթանում:

«Ուղղակի չգիտեմ՝ ո՞ր փուլում է Ադրբեջանում այդ գործընթացը, բայց ստորագրման պահին ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Ադրբեջանը այդ կանոնակարգը չի վարերացնի, նա պատասխանեց. «Ես չունեմ նման մտավախություն: Չեմ կարծում, որ կձգձգեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում, փոխվարչապետն ասաց. «Ըստ էության՝ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս: Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:

Հիշեցնենք նաև, որ գործադիրը հավանություն է տվել այդ կանոնակարգին, իսկ ՍԴ-ն այն համարել է Սահմանադրությանը չհակասող՝ նշելով, որ ՀՀ անկախության հռչակագիրը Սահմանադրության մաս չէ։