Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ես նիկոլին հարց չունեմ, ինքը պետք է հեռանա

««Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները՝ կամ ներկայացնելու ենք  այլընտրանքային հայտարարության տեքստ կամ ներկայացված  հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ»,- ԱԺ-ում լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն հայտարարության տեքստ է նախապատրաստել, որը ներկայացվելու է Ազգային ժողովում։

«Պետք է հայտարարության մեջ հստակ կետեր լինեն ստեղծված իրավիճակն ու վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Հենց հիմա մեր խմբակցությունն աշխատում է  այդ հայտարարության տեքստի վրա, քիչ հետո մենք կներկայացնենք»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին՝ չի՞ հաջողվել իշխող ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ հայտարարության տեքստի հետ կապված, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Իրենք ունեն տեքստ, այն ամբողջական չէ, այն չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր  կետով պետք է ներառվեն որպեսզի լինի ամբողջական»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ նիստին. «Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ  Նիկոլ Փաշինյանը, իր վարած քաղաքականության արդյունքում է  երկիրը  բերել, հասցվել այս  իրավիճակին։ Չենք պատրաստվում մասնակցել հարց ու պատասխանին, որովհետև հերթական կրկեսն է լինելու, որևէ բան մեզ չի տալու»։