Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եթե որևէ մեկին թվում է՝ ես հրեշտակ եմ, պիտի իրեն հուսախաբ անեմ. Արշակ Սրբազանը՝ իրեն ապաշխարելու կոչ անողներին

Ես բացարձակապես չեմ վրդովվում, չեմ նեղսրտում մեզ ապաշխարելու կոչ անելու որևէ մեկի հորդորից, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ապաշխարելու կոչերին:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ ես հրեշտակ եմ, ես իրեն պիտի հուսախաբ անեմ: Եթե որևէ մեկը մտածում է, որ ես անսխլական եմ, իրեն էլ խոր հուսախաբություն է սպասում: Իմ կողմից էլ բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, սայթաքումներ են եղել, բայց խնդիրը բոլորովին այլ է: Լինել մեղավոր, չի նշանակում կորցնել իրավունքը հանրային վտանգավորության,  ճակատագրական սպառնալիքներ պարունակող խնդիրների վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելուց և դատապարտելուց: Դա արել ենք ամեն մեկս և անելու ենք:

Մեր եկեղեցում չկա մի սուրբ, որի կյանքում, կենսագրության մեջ եղած չլինեն սև կետեր, բայց մարդու, քրիստոնյայի առաքելությունն այն է, որ այդ սև կետերը իրեն չպետք է կասեցնեն խոսելու համար այնպիսի ահռելի երևույթների մասին, որոնք համընդհանուր վտանգավորություն ունեն և գոյաբանական խնդիրներ են պարունակում իրենց մեջ:

Մենք կապաշխարենք, մենք ունկնդիր ենք իրենց հորդորին, բայց մեր ապաշխարությունը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպիսի իմաստով, որ մենք պետք է զերծ մնանք այնպիսի երևույթների մասին խոսելուց, որոնք համընդհանուր, համահասարակական ճգնաժամ և արհավիրք կարող են ստեղծել»,- ասաց հոգևորականը: