Այս պահին, բացառությամբ «Artsakh Monuments»-ի տարածած մի քանի լուսանկարի, որևէ հավաստի տեղեկություն չկա, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Մեր մասնագետներն այժմ ուսումնասիրում են ադրբեջանական կայքերը, և առայժմ որևէ հավաստի տեղեկություն չկա, որ հայկական եկեղեցին իրոք մզկիթի է վերածվում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
«Չեմ ասում, որ Ադրբեջանը նման բան չի անում, չեմ ասում, որ նման բան չկա. Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունն ակնհայտ է։ Բայց կոնկրետ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու լուսանկարներից ոչինչ չի երևում. գուցե մզկիթի չե՞ն վերածում, գուցե առհասարակ քանդո՞ւմ են։
Ադրբեջանը շարունակում է և շարունակելու է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այդ երկիրը հայտարարում է՝ «օկուպանտների» հուշարձանները ենթակա են քանդման։ Ադրբեջանը հայտարարել է այդ մասին և հիմա քայլեր է իրականացնում։
Սա նշանակում է, որ իրենք հայկական ցանկացած հուշարձան քանդելու են»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ օրերս Իլհամ Ալիևը ստորագրել է Տող գյուղում աղվանական պատմամշակութային և բնական արգելոց ստեղծելու մասին փաստաթուղթը։
Համլետ Պետրոսյանի համոզմամբ՝ չկա մի ձեռք՝ այդ թվում՝ հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցներինը, որ կարող է կանգնեցնել Ադրբեջանի վանդալությունները. եթե լիներ, այսօր ամեն ինչ այսքան ցավալի չէր լինի։
«Միջազգային կառույցներն ընդամենը հայտարարություններ են անում. դրանք պետությունների կառույցներ են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում քվեարակում են Թուրքիան և Պակիստանը, իսկ Հայաստանն աջակից ընդամեն մեկ ձայն ունի՝ Ֆրանսիան։
Այսօր մեր ունեցածը հետևանք է մեր պահվածքի, թուլության և անգործության։ Մեզ պակասում է լրջությունը, մասնագիտական խորամտությունը։ Լուրջ մոտեցում չկա։ Ես զայրացած եմ, թե ինչքան միամիտ ու անկազմակերպ ենք»,- ասաց մշակութաբանը։
Ինչ վերաբերում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, Համլետ Պետրոսյանի խոսքով՝ այս պահին հայտնի է միայն այնքանը, որ ադրբեջանցիները քանդել են գմբեթի վեղարը՝ այն դարձնելով կիսագնդաձև։
«Դեղին գույնով էլ ներկել են՝իբրև այն ուղղափառ եկեղեցի է։ Եթե թուրքերն աշխարհի լավագույն, ամենամեծ քրիստոնեական տաճարը՝ Այա Սոֆիան, մզկիթ են դարձնում, և աշխարհը ոչինչ չի անում, ի՞նչ ենք մտածում Շուշիի Ղազանչեցոցի մասին»,- հռետորակա հարց հնչեցրեց մշակութաբանը։