Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը․ Զախարովա

Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այս մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի, չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը»,- գրել է Զախարովան։

Զախարովան նաև հույս է հայտնել, որ «Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից»։

«Նրանց գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի։ Նշում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը:

«Կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերին ամենաբարձր մակարդակով խստորեն պահպանելու կարևորության, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար զսպվածության ու պատասխանատվության գիտակցման վերաբերյալ»,- ընդգծել է Զախարովան։

Նա եզրափակել է, որ ռուսական կողմը կշարունակի Բաքվի և Երևանի հետ շփումներում ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը  կարգավորելու ուղղությամբ։