Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներին պարտադրում են ընդգրկվել կուսակցության մեջ. Գեղամ Նազարյան

Քաղաքական զսպվածությունը դպրոցներում ոնց պետք է արտահայտվի, որ տարընթերցումների տեղիք չտա. Տնօրենն ինչ պետք է անի, որ քաղաքականապես զուսպ լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ձեզ տեղեկություններ հասնո՞ւմ են, որ մարզերում որոշ բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների տարբեր աշխատակիցների գրեթե պարտադրանքի ձևով առաջարկում են ընդգրկվել կուսակցության մեջ: Անուն չտամ, ինչ-որ կուսակցության մեջ։ Ես այդ տեղեկություններն ունեմ։ Անգամ խոհարարներին են  առաջարկում ու պարտադրում, հակառակ դեպքում՝ սպառնալով ազատել աշխատանքից»,- ասաց նա:

Ի պատասխան նախարարն ասաց, որ քաղաքական ձեւակերպումը այս պահին էլ գործում է դիվանագետների գործունեությունը կարգավորող օրենքում. «Այդ ձեւակերպումը բավականին չափելի է: Նշված է, որ պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չպետք է օգտագործվեն: Եթե որեւէ մեկը դպրոցի տարածքը կամ այլ ռեսուրս օգտագործի, սա արդեն այդ սկզբունքի խախտում է:

Ինչ վերաբերում է կուսակցականացման դրդմանը, եթե նման ահազանգ ունեք, տվեք մեզ այդ տեղեկությունը: Սա մեզ համար սկզբունքային հարց է, որ կրթական  հաստատությունները պետք է զերծ լինեն քաղաքականացման և  կուսակցականացման միտումներից։ Հետևողական կգնանք յուրաքանչյուրի ահազանգի հետևից»։