Այսօր՝ հուլիսի 14-ին, Կապանում տեղացած հորդառատ անձրևից հետո Կավարտի հանքավայրի տարածքից եկող դեղնանարնջագույն ջրերը կրկին ողողել են քաղաքի փողոցները։
Ականատեսների փոխանցմամբ՝ հոսքաջրերը հասել են մինչև քաղաքի կենտրոնական հատվածներ՝ անցնելով դեպի Դավիթ Բեկի արձանի հարակից տարածք։ Քաղաքի որոշ հատվածներում, այդ թվում՝ կամրջի վրա, ջրերը կուտակվել են՝ առաջացնելով մեծ ջրափոսեր:
Տարիներ շարունակ յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո նույն պատկերն է կրկնվում․ Կավարտի հանքավայրի տարածքից եկող դեղնավուն ջրերը տարբեր ճանապարհներով հասնում են քաղաքային միջավայր։ Բնապահպանական մտահոգությունն այն է, որ հանքային ապարների և պոչանքների միջով անցնող ջրերը կարող են պարունակել ծանր մետաղներ և այլ վտանգավոր նյութեր։
Մասնագետների կարծիքով՝ նման հոսքաջրերը ժամանակի ընթացքում խառնվում են մակերևութային և գրունտային ջրերին՝ դառնալով «դանդաղ գործողության ռումբ» շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։ Հատկապես մտահոգիչ է, որ խնդիրը կրկնվում է տարիներ շարունակ, սակայն դրա վերջնական լուծումը դեռևս տեսանելի չէ։
Բնակիչներն ակնկալում են, որ պատասխանատու կառույցները կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ և կներկայացնեն հստակ պարզաբանումներ՝ ինչ բաղադրություն ունեն քաղաք հասնող այս ջրերը և ինչ ռիսկեր կարող են առաջացնել դրանք։
«Սյունիք Նյուզ»-ը պատրաստ է ներկայացնել նաև պատասխանատու կառույցների և հանքարդյունաբերական ընկերությունների մեկնաբանությունները թեմայի վերաբերյալ։
«Սյունիք» լրատվական










