Բրյուսովի անվան համալսարանում կադրային ջարդը շարունակվում է։
Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից ազատել է նաև բուհի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին։
Տիգրան Թորոսյանը պայքարում էր Բրյուսովը,Մանկավարժական համալսարանն ու ֆիզկուլտինստիտուտը միավորելու ծրագրի դեմ, մասնակցում էր բողոքի ակցիաներին ու ցույցերին։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանին, որը 2022-ին ընտրվեց Բրյուսովի համալսարանի ռեկտոր, սակայն ԿԳՄՍՆ-ն չհաստատեց ընտրությունների արդյունքը, և նախարար Ժաննա Անդրեասյանը 3 տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ բուհ բերեց Դավիթ Գյուրջինյանին ու նրան ներկայացրեց որպես ռեկտոր։
Անցյալ տարվա սեպտեմբերին Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից ազատել է նաև բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին, որը դատական գործընթաց սկսեց ապօրինությունների դեմ։ Ցոլակ Ակոպյանն օրեր առաջ հայտնեց, որ ռեկտորն աշխատանքից ազատեկ է նաև Հակոբ Մադոյանին։ Լուրը հաստատեց նաև լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։
Նա հանդես է եկել հրապարակային խոսքով.
Ասում են` Դավիթ Գյուրջինյանը Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկը ստանձնելիս հայտարարել է, թե այդ համալսարան է գնում` զարգացնելու այնտեղ լեզվաբանական միտքը: Գյուրջինյան լեզվաբանին վաղուց գիտեմ, բայց հիմա դժվարանում եմ հասկանալ` ի՛նչ նկատի ունի նա` «լեզվաբանություն» ասելով, եթե իր գործունեության սկզբում իսկ նա` փակեց փիլիսոփայության և պատմության ամբիոնը, ապա 23 թ. կազմած ուսպլանից հանել տվեց տրամաբանությունը: Նույնիսկ նախորդ ուսպլանով նախատեսված տրամաբանության գիտակարգը կարգի խախտմամբ հանված է դասավանդվող առարկաների ցանկից, այսինքն` նաև՛ այդ առարկայի յուրացման համար այդ համալսարան ընդունված ուսանողը զրկված է յուրացման հնարավորությունից:
Երկրորդում եմ տարակուսանքս` ի՛նչ է հասկանում Գյուրջինյանը` «լեզվաբանություն» ասելով, եթե լեզվաբանության հիմնարկեքին նպաստած տրամաբանությունն է հանում լեզվաբանական ուղղվածությամբ համալսարանից, եթե փիլիսոփայության հայաստանյան մերօրյա լավագույն մասնագետներից մեկին` Հակոբ Մադոյանին է զրկում դասաժամերից որը, ի դեպ, որքան փիլիսոփայության ու տրամաբանության, նույնքան էլ մաթեմատիկական մի շարք գիտակարգերի, ինչպես նաև լեզվաբանության ու նշանագիտության հայեցակարգերին է խորությամբ տիրապետում:
Հիմա ուղղակի խոսքով եմ դիմում քեզ, Դավի՛թ Գյուրջինյան: Մտքովս չէր անցնի, որ երբևէ գործելաոճդ կնմանվի երբեմնի ղեկավարիդ վարքին, որ երեք ամսվա ընթացքում միանգամից հինգ դասարանի «դասագրքեր» մոգոնեց` վառելով հայերենի նվիրյալ ուսուցիչներին ներսից, տրորելով նրանց ինքնասիրությունն ու մասնագիտական արժանապատվությունը: Դե ի՞նչ, շարունակի՛ր «զարգացնել» բյուրոկրատական գրասենյակի վերածած քո հիմնարկում լեզվաբանական միտքը: Տեսնում եմ` ձախավեր հաջողությունդ տեղը տեղին հասնո՞ւմ է իր հանգակետին…