Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաքվի լռությունը չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում է իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Իրանի հասցեին հնչեցրած նոր մեղադրանքներին:

Նասեր Քանանին իր «Թվիթեր»-ի էջում տեղեկացրել է, որ խնդրել են Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն այն մասին, որ իրենք պայմանավորվել են Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին: Սակայն Քանանին նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է ու գնացել  Իրանի հասցեին նոր մեղադրանքների: 

«Բաքվի լռությունը չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին»,-հարցրել է Իրանի ԱԳՆ խոսնակը: 

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունից մեղադրանքների տարափ է տեղացել Իրանի հասցեին մեկ այլ թեմայով ևս, թե իբր պատգամավոր Ֆազիլ Մուստաթայի դեմ մահափորձը կազմակերպվել է Իրանի կողմից, թեև «մեղավորներին» Ադրբեջանում փնտրում են նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում։

Առավել մանրամասն՝ «Ադրբեջանում Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի «մեղավորներին» փնտրում են Իրանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ու միգուցե Լուսնի վրա» հոդվածում։